ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ    
 
Ալեքսանդր Վարպետյանին Հայաստանից վտարման առեղծվածային գործի մանրամասները շարքից
04/06.2007, Խնդրի արծարծումը "Հետքի" կողմից
  
Նյութը վերցված է "Հետքի" ինտերնետային կայքից` http://archive.hetq.am/arm/politics/0706-a_varpetyan.html :
 
Ալեքսանդր Վարպետյանն արդեն 5 տարի "սեւ ցուցակում" է
       2002-ից առ այսօր արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի (Տես` կենսագրությունը) մուտքը Հայաստան: Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երեւանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ` նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն:
       Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 եւ 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել: Մերժումը չի պատճառաբանվել:
       Այդ կապակցությամբ 2002-ին "Ա1+"-ը գրել է. " "Էություն" միաբանության նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` Հայաստանում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է: Ալեքսանդր Վարպետյանին ասել են, որ նրան այլեւս թույլտվություն չի տրվելու, քանի որ նա աղանդավոր է: ""Էություն" միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ",- վստահեցնում է պարոն Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել: Միաբանությունն առաջարկում է "Ազգություն եւ նոր հազարամյակ" ծրագիրը: Ըստ միաբանության անդամների` այն տարիներով մտածված առողջացման ծրագիր է, որը հասարակությանը հեռու է պահելու տխմարությունից եւ անառակությունից ":
       2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի` Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը: Դրանից հետո մինչեւ այսօր առանց պատճառաբանության երեք անգամ մերժվել են Ալեքսանդր Վարպետյանի տուրիստական էլեկտրոնային հայցերը, երկու անգամ` նրա որդի Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը:
       2005-ի փետրվարին Վարպետյանը բաց նամակով (Տես` նամակը) դիմել է ՀՀ իշխանություններին, բայց արձագանք չի հետեւել: Նույն տարվա մայիսին Ֆրանսիայի քաղաքացին գրություն է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ուսումնասիրելով գործը` պաշտպանը նամակ է գրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին: Վերջինս էլ պատասխանել է, որ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի Արթուր Վարպետյանը` հորը Հայաստան հրավիրելու փաստաթղթերը ձեւակերպելու համար: Կարգի համաձայն` վարչությունը Ալ. Վարպետյանին վերաբերող նյութերն ուղարկել է համապատասխան մարմիններ` համաձայնեցման: Բայց, ըստ ստացված պատասխանի, Ֆրանսիայի քաղաքացու ժամանումը Հայաստան գտնվել է ոչ նպատակահարմար:
       Պաշտպան Ալավերդյանը համոզված է, որ վերոնշյալ վարչությունն "իրավասու չէր ղեկավարվել նպատակահարմարությամբ, եւ սահմանված կարգի համաձայն` դիմումատուին պետք է ներկայացվեին իր խնդրանքի մերժման օրենսդրական հիմքերը": Միաժամանակ Լ. Ալավերդյանը նշում է, որ նման դեպքերում կա նաեւ մերժումը չպատճառաբանելու միջազգային պրակտիկա, չնայած որ, ըստ նրա, Ալ. Վարպետյանի նման հայտնի մարդու նկատմամբ անթույլատրելի է այսպես վարվել:
       Լ. Ալավերդյանը Ալվինա Զաքարյանին եւ ՀՀ ոստիկանապետին առաջարկել է վերանայել այս հարցը, իսկ բացասական որոշման դեպքում էլ` ներկայացնել մերժման հիմքերը: Առաջարկը մնացել է անհետեւանք: Իսկ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի օրոք այս գործը փակվել է, քանի որ Վարպետյանի դիմումը եղել է ոչ թե բողոք, այլ ուղղակի գրություն (բողոքի դեպքում գործը չի փակվում մինչեւ դրա վերջնական լուծումը):
       Ալ. Վարպետյանի որդին` Արթուրը, 2006-ին նամակ է գրել պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին: Գործին ծանոթանալու համար նախարարությունից պահանջել են համապատասխան փաստաթղթեր եւ Ալ. Վարպետյանի "Ազգային խաչքար" ("Հոկտեմբերի 27-ի առեղծվածը") անտիպ աշխատությունը, որը, հեղինակի տեղեկացմամբ, ոչնչացվել է այլ գործերի հետ, քանի որ "հայ հասարակությունը դրանց պատրաստ չէ":
       Ս. Սարգսյանը դիմումի կապակցությամբ տվել է հանձնարարական, սակայն ոչինչ չի փոխվել:
       Արթուր Վարպետյանի խնդրանքով ՀՀ սահմանային անցակետերի կարեւոր պատասխանատուներից մեկը պարզում է, որ Ալ. Վարպետյանի ազգանունը բացակայում է սահմանային անցակետերի համակարգիչների "սեւ ցուցակում": Նոր կանոնակարգի համաձայն էլ` 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի է ստանալ հենց սահմանի վրա: Վարպետյանը որդու հետ որոշում է Հայաստան մտնել Վրաստանից, սակայն հետո նախընտրում է ձեռք բերել տուրիստական արտոնագիր եւ վայրէջք կատարել Երեւանում: Բայց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մերժում է նրա դիմումը: Արթուրը կրկին դիմում է սահմանապահին:
       "Սահմանապահի ասելով` սահմանն անցնելուց հետո տվյալ անձը պետք է դիմի անձնագրերի եւ վիզաների վարչություն` վիզա ստանալու համար: Նա ասաց, որ սահմանապահների եւ վարչության մոտ կա նույն "սեւ ցուցակը": Բայց այս դեպքն արտառոց է նրանով, որ հորս անունը կար միայն վարչության "սեւ ցուցակում": Այսինքն` հայրս Բագրատաշենում պետական սահմանը կանցներ, բայց հետո Երեւանում օվիրը նրան վիզա չէր տա: Սա, ըստ սահմանապահի, աննախադեպ բան է",- պատմում է Արթուր Վարպետյանը:
       "Սահմանապահը եզրակացրեց, որ Վարպետյան ազգանունը թերեւս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես անհայտ եւ ցմահ դատապարտյալների "սեւ ցուցակում"",- նշում է Ալ. Վարպետյանը:
       Արդեն 5 տարի հարկադրաբար Հայաստան չայցելած Ալեքսանդր Վարպետյանը մայիսի 30-ին մի վերջին անգամ բաց նամակ (Տես` նամակը) է հղել ՀՀ նախագահին` "առանց որեւէ ակնկալիքի, լոկ համոզվելու համար, որ շան գլուխը հիրավի թաղված է նախագահականում...":
                     Վահե Սարուխանյան