|
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
Ֆրանսահայ ազգաբան և էաբան
Հասցե. 194, ave. Roger Salengro
13015-Marseille-FRANCE
Հեռախոս. (+33) 4.91.64.61.14
E-maile. varbedian@hotmail.com |
Մարսել, 30.05. 2007 թ. |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ. Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻՆ |
ԲԱՑ ՆԱՄԱԿ |
Մեծարգո Պրն
ՆԱԽԱԳԱՀ,
Հայտնի է, որ 2002 թվից ի վեր իմ մուտքը հայրենիք` թեկուզ
սոսկ զբոսաշրջիկ, կտրականապես արգելված է` առանց որեւէ
բացատրության կամ ենթադրելի պատճառաբանության: Այդ
առնչությամբ դեռեւս նույն 2002 թվականին դիմել եմ
Հայաստանի բոլոր պատկան մարմիններին, հայրենի մտավորական
ավագանին` բաց նամակով նաեւ Ձեզ, 2005 թ. նույնը` եւ ես`
հանրապետական եւ արտերկրյա հեղինակավոր մամուլով: Այդ
բոլորն էլ մնացել են կատարելապես անարձագանք, իսկ
պարբերական հայցերիս հետեւողական մերժումները` առանց որեւէ
հիմնավորման:
Առեղծվածային այս խնդրականում տարիներ ի վեր միակ քիչ թե
շատ պարզաբանումը եղել է այն, որ արգելակումը գալիս է Ձեր
անձնակազմից (կից` մեկ փաստաթուղթ) եւ, ըստ ամենայնի,
առնչվում է ՙհույժ գաղտնի՚ պետական ինչ-որ հանգամանքների
հետ: Վերջին որոշ իրադարձություններ հարցի լուծումը
նույնպես ուղղորդեցին դեպի Ձեր անձնակազմ, որին վերջերս
դիմել եմ երկու անգամ` նամակների բաժնում գրանցված N 2723
եւ N 2763 համարներով, որոնք ակամա հաստատեցին
համոզմունքս:
Ըստ այդմ` նկատի առնելով Ձեր անձնակազմի Ներման,
քաղաքացիության, պարգեւատրման եւ կոչումների վարչության
պետ տկն Ջեմմա Հակոբյանի հեռախոսային պատասխանը, ըստ որի`
այդ նամակներին պատասխան չի տրվելու, քանզի այն մերժմամբ
արդեն տրվել է 27.08.2003 թ. վերոնշյալ փաստաթղթով
(այսինքն` դատապարտված եմ ցմա՞հ...), ինչպես նաեւ տարիքս
ու առողջական հանգամանքներ` ինձ այլեւս ոչինչ չի մնում,
քան վասն վստահության մի վերջին անգամ Ձեզ դիմելը սույն
բաց նամակով` հույսով, որ այսու գոնե փոքր-ինչ կլուսաբանվի
տարիների այս շատ խորհրդավոր առեղծվածը, կամ թույլ կտրվի
մի վերջին անգամ այցելել հայրենադարձ ու վաղամեռիկ
հարազատներիս դամբարան:
|
|
Նախնական շնորհակալությամբ`
Ալեքսանդր Վարպետյան |
Հ.Գ. Բոլոր սրտացավ լրատվամիջոցներին խնդրվում է
վերահրապարակել սույն բաց նամակը, իսկ արդարամիտ
անհատներին եւ շրջանակներին` սատարել մեզ այս միայնակ
վիշապամարտում` թեկուզ արհամարհելով հայ ժողովրդին
մատուցած իմ անարժան վաստակը` վասն քաղաքացիական
գիտակցության կամ լոկ մարդասիրական դրդմամբ: |
|
|
|