|
Ալեքսանդր Արորդի ՎԱՐՊԵՏՅԱՆ
Ֆրանսահայ ազգաբան և էաբան
Հասցե. 194, ave. Roger Salengro
13015-Marseille-FRANCE
Հեռախոս. (+33) 4.91.64.61.14
E-maile. varbedian@hotmail.com |
Մարսել, 05.02. 2005 թ. |
ԲԱՑ ՆԱՄԱԿ |
|
ՀՀ Նախագահ Պր Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Վարչապետ Պր Ա.ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Խորհրդարանի Խոսնակ Պր Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Պր
Գ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
ԱԱ ծառայության պետ Պր Գորիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ |
|
Մեծարգո նախագահ եւ պետական տիարք ,
Ես` ֆրանսահայս, 1975 թ. իմ ծննդավայր Մարսել քաղաքում
վերահաստատվելուց հետո շարունակել եմ իմ ազգամշակութային
ու հայրենանվեր գործունեությունը, ֆրանսիական
քաղաքացիությանս զուգահեռ պահպանելով երբեմնի Խորհրդային
Հայաստանի քաղաքացիությունն ու անձնագիրը, որոնք իմ կամքով
1990 թ. պաշտոնապես արձանագրվեցին որպես նորանկախ
Հայաստանի քաղաքացիություն:
Սակայն 1997 թ. ինչ-ինչ պատճառներով ես զրկվեցի դրանցից,
թեեւ անձնագիրս ուժի մեջ էր մինչեւ 1998 թ., իսկ
երկքաղաքացիությունը բացառող օրենքը հռչակվել էր դեռեւս
1994 թ.:
Այսուհանդերձ, կարեւորելով իմ "հայրենանվեր վաստակն ու
նպաստը հայ գիտամշակութային կյանքում", նախ` ՀՀ
գիտությունների ու կրթության, ապա` մշակույթի
նախարարությունների միջնորդությամբ ինձ 2 անգամ անվճար
տրվել են Հայաստանում ժամանակավոր եւ սովորական կացության
կարգավիճակներ: Մինչդեռ, մշակույթի նախարարի նման մի
երրորդ միջնորդություն 2002 թ. մերժվեց առանց որեւէ
բացատրության, ինչը հավասարազոր էր վտարման: Այդ
առնչությամբ արձագանք չգտան նաեւ հայրենի շուրջ 250 անվանի
մտավորականների ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը
("Առավոտ", 29.03.02 թ.), եւ այլ թերթերի արծարծումները
("Իրավունք", 21.03.02 թ., "Ժամանակ", 28.03.02 թ., "Գոլոս
Արմենիի", 23.03.02 թ., "Հայկական ժամանակ"13.03.02 թ. եւ
այլն):
Այնուհետեւ հետեւողականորեն մերժվել են.
- 2003 թ. Ֆրանսիայում ՀՀ հյուպատոսարանի միջոցով, բայց ՀՀ
նախագահի անձնակազմի կողմից, Հայաստանում կացության հատուկ
կարգավիճակի բոլորին հասանելի եւ վճարովի իմ հայցը:
- Նույն թվականին, Հայաստանի քաղաքացի ու բնակիչ որդուս`
Արթուր Վարպետյանի եռամսյա հրավերը:
- Նույն թվականին, 21-օրյա էլեկտրոնային արտոնագրի հայցս:
- 2004 թ. գարնանը, նույն հայցի օրենքով նախատեսված
վերանորոգումը, սակայն արդեն հրավերի անհրաժեշտության
պատճառաբանությամբ:
- Եվ դրանից անմիջապես հետո` նորից որդուս եռամսյա եւ...
պահանջվող հրավերը, բայց այս անգամ արդեն առանց նույնիսկ
գրավոր մերժման, ինչը տարօրինակությունից ավելի դառնում է
խիստ խորհրդավոր ու բացառիկ պարագա:
Ստացվում է, որ ես եռտասնամյա իմ անձնազոհ ազգամշակութային
ու հայապահպանման գործունեությամբ կարող եմ հյուրընկալվել
սփյուռքահայ բոլոր գաղթօջախներում եւ ազատորեն այցելել
ամեն մի երկիր (ներառյալ Թուրքիա, ինչպես 2004 թ. ամռանը`
պատմական հնավայրեր...), բացի ... հայրենիքից, կարող եմ
հայոց 12000-ամյա ծագումնաբանության վերաբերյալ
հրավերներով բանախոսել օտարերկրյա համալսարաններում
(Azad-Իրան, 2002 թ., UCLA -ԱՄՆ, 1999 եւ 2005 թթ., եւ
այլուր) հայատառ իմ հրատարակություններով արժանանալ
միջազգային ճանաչողության ու գնահատանքին (ABI-"21-րդ դարի
մեծ մտածողները", ԱՄՆ-2004 թ., IBC-"Ով ո՞վ է" շարքի
"Կապույտ գրքում", Քեմբրիջ-Մեծ Բրիտանիա-2005 թ., եւն),
հայտնվել persons.am-"Հայաստանի հայտնի անձինք"
ինտերնետային համակարգում, բայց... թեկուզ որպես սոսկ
զբոսաշրջիկ իրավունք չունենալ ոտք դնելու Հայաստան...
Եվ այս ամենը առանց որեւէ հիմնավորման կամ չնչին
բացատրության: Ուրեմն այս վերջին տարիներին այդ ի՞նչ է
փոխվել հայրենիքում, երբ ես ու իմ ազգանվեր
գործունեությունը բոլորովին չենք փոխվել, պարզապես լոկ
զարգացել են իմ գիտահետազոտական որոնումները:
Մինչդեռ, դրանց եւ "Էություն" ոգեգաղափարական
տեսությունների հարաճուն համասփռմանը զուգահեռ, այս
անհեթեթ խնդրականն ու իրավիճակը ինքնաբերաբար եւ ավելի ու
ավելի տեղիք են տալիս բյուր հարցականների, ամենատարբեր
ենթադրությունների ու մեկնությունների, խորհրդածության ու
հանուր մտահոգության` առաջին հերթին ստվերելով Հայաստանի
Հանրապետության կերպարն ու հեղինակությունը թե հայ եւ թե
օտար իրականություններում:
Ուստի, ՀՀ մեծարգո նախագահ եւ բարձրաստիճան այրեր,
խոնարհաբար խնդրում եմ հանգամանորեն վերաքննել այս խրթին
խնդրականը, եւ եթե այն "պետական հույժ գաղտնի" պարագա չէ,
ի վերջո բացահայտել ինձ այդքան համառ մերժումների պատճառը
կամ թույլ տալ ինձ թեկուզ կարճատեւ այցելել հարազատներիս,
նաեւ հանգուցյալներիս գերեզմանները, որոնք վասն
հայրենասիրության ժամանակին ներգաղթեցին հայրենիք ու
վաղաժամ հեռացան այս աշխարհից:
Հանձն եմ առնում պատշաճորեն հարգել ՀՀ բոլոր օրենքները,
չմասնակցել անգամ սոսկ հասարակական թե գիտամշակութային
որեւէ միջոցառման, այլեւս չհայցել կացության որեւէ
կարգավիճակ, իսկ անհրաժեշտության դեպքում պատասխանել այս
խնդրականի եւ իմ ազգամշակութային գործունեության
վերաբերյալ բոլոր հարցերին, թեեւ այն միշտ էլ եղել է
հրապարակային եւ ես քաղաքացիական պատասխանատվությամբ
պարբերաբար, գրավոր ու բանավոր զեկուցել եմ ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ:
Նույն առնչությամբ պատրաստ եմ նաեւ բոլորին ներկայացնել
այստեղ հիշատակվող փաստաթղթերի փաթեթը: Միեւնույն է, այս
առեղծվածը հավերժորեն մնալ այլեւս չի կարող: Երբեւէ այն
կբացահայտվի իր ողջ հակադարձմամբ: Մի՞թե առավել խոհեմ չէր
լինի մեկընդմիշտ փակել այն եւ պարզապես իմ առջեւ բացել
հայրենիքի դռները, երբ ես ողջամտությամբ ծեծում եմ դրանք
ամբողջ խոնարհանքով:
|
|
Լավատեսությամբ եւ խորին հարգանքներով`
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՈՐԴԻ ՎԱՐՊԵՏՅԱՆ |
|
|
|