|
|
-Եթե մեկի հոգին առաք` մարմինը ձերն է ու ձերը,
իսկ եթե «դրամը» ձերն է, ուրեմն գի’րն էլ է ձերը, ղո’ւշն էլ,
հոգի’ն էլ, մարմի’ն էլ, ԲԱՆՆ էլ` վերադիր... |
|
-Վերածնունդ ակնկալող հայը այլևս կարող է սերմնաբողբոջել
միայն իր ներաշխարհի ընդերքում և բարգավաճել
նախ էութենական իրականությունում: |
Մենք արդեն հնազանդվել էինք մեր ճակատագրին, լռելյայն
հաշտվել անվերադարձ կորուստների հետ, ընդունել մեր
անլիարժեքությունը, «ճորտ ու վախկոտ» պիտակը, առանց հզոր
տերությունների հովանավորության ապրելու անհնարինությունը, մեր
ախտաբանական ստրկամտությունն ու արատները, պատմական անկումն ու
անխուսափելի` գոնե հաշտ ու խաղաղ վախճանը:
Բայց երբ «մերը» հավակնող 21-րդ դարի շեմին, երբ ամենուր
փլուզվում է գաղութատիրությունը և ապաքինվում են անգամ բազմաչարչար
աֆրիկացիները, իսկ երբեմնի քաղաքակիրթ հայը իր տարրական
իրավունքները զիջեց օտարի կամքին ու վասալական բռնատիրությանը,
ընտրական ձայնն ու արժանապատվությունը վաճառեց մի քանի գրոշով,
կուլտ տվեց ստորացուցիչ կեղծիքներ, խարդավանք, հրապարակային ոճիրն
ու հետևողական սպանդը, «տիրոջ» օրհնությամբ և այլոց
երեսապաշտությամբ ճզմվեց յուրայինների կրունկների տակ, շանսատակվեց
իր իսկ իշխանությունների ձեռքերով, և նորից ընկավ միջազգային
դռները արդարություն մուրալու` առաջացավ կամ հայությունից
վերջնականապես հրաժարվելու կամ այս նվաստ կարգավիճակից մեկընդմիշտ
ազատագրվելու հրամայականը:
Իրեն քիչ թե շատ
հարգող անհատների համար այլևս անհնարին է շարունակել այսպիսի
«գոյապահպանումը», մնալ բախտի, հանգամանքների, սեփական
թուլությունների ու թերհասության գերին, Սիզիպոսի բախտակիցն ու
ճակատագրի ճորտը, ինքնության զոհը, «փրկիչների» հարճը,
բարդույթների ջորին ու մարդկային արժանապատվության գերեզմանափորը
(երբ այդ մենք պիտի գետինը մտնեինք…):
Այլևս անտանելի է նայել սեփական
զավակների աչքերին և ապականել մարդկությունը մեր նման սերնդական
ոչնչություններով:
Լինե՞լ թե՞ չլինել, այլևս այդ չէ
խնդիրը` այլ ինչո՞ւ և ինչպե՞ս:
Ազատ ու անկախ Հայաստան այդպես էլ
չունեցանք, ազատ ու անկախ չեղանք նույնիսկ սփյուռքում, ո’չ անգամ
մեր ներաշխարհում, շարունակելով մնալ իրավիճակների ու
իրադարձությունների, չալպուտուրիկ գաղափարախոսությունների,
«ամենափրկիչ» հավատամքների ու քաղաքական արշավանքների հլու-հնազանդ
հպատակները:
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
|
յԱԶԱՏ-
*յազ-աս-աստված դիցարմատից (հմմտ. պարսկ.
Yazd-yazata-արարիչ Աստված, գերմ.
AS-աստվածային դաս), որից ազն-ազգ, «ազնանց ջինս»-դիցազն,
ազնաուր-ազնվական, անձնիշխան, «յինքեան կամս» (ՆԲՀԼ), ազնիվ,
յԱզատ-դիցալեռ (Արարատ) ևն: Ազատ-արձակը ուշածին իմաստ է և արդեն
հասարակ անուն: Մենք եզրն այստեղ օգտագործում ենք իր բոլոր և
հատկապես երբեմնի իմաստներով: |
|
------------------------------------------------------------------------------------------------------------------ |
Այնինչ բոլորս էլ կարող էինք ինքնահռչակվել ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ՀԱՅ,
ինչն` ինչպես մանանեխի հատիկները, ինքնաբերաբար կխմորեր հավաքական
նախ հոգևոր` ԱՆԿԱԽ ու ԱԶԱՏ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ապա ի վերջո նաև ԱՆԿԱԽ ու
ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ: Զի ազատություն թե ստրկություն, հաղթանակ թե
պարտություն, լինելիություն թե անէության, և ինչպես ամեն մի
արարչություն կամ ավերչություն ծնվում են նախ հենց մեր անհատական
ու հավաքական ներաշխարհներում:
Ուստի, վերջին իրադարձություններից
խորապես ցնցված մի խումբ վճռական հայորդիք հռչակում են.
1. - Բոլոր այլոց պես հայերը ծնվում են հավասար, և
անհատականորեն ու հավաքականորեն ունեն բոլոր քաղաքակիրթ երկրների
կողմից ընդունված մարդու և քաղաքացիների բոլոր իրավունքները:
2. - Դրանք ներառում են նաև խղճի ու խոսքի ազատության,
անվտանգության, արժանապատվության, ինքնության ու տարակարծության
իրավասություն:
3. - Այդ իրավունքները տարածվում են ոչ միայն հարենիքի
տարածքում` այլև որդեգրյալ բոլոր երկրներում, բնականաբար համաձայն
նրանց յուրաքանչյուրի արժանավոր բարօրության ու սահմանադրության:
4. - Ազատ հայի ազատագրումը առաջին հերթին ենթադրում է
ազատագրում սեփական նախապաշարմունքներից, բարդույթներից, վախ ու
ստրկամտությունից, բայց նաև հետամնաց, ենթակայական թե օտարամետ
կազմակերպություններից ու կուսակցություններից, ըստ
բազմակարծության սկզբունքի մնալով ազատ անդամակցելու իր նախասիրած
կազմակերպություններին կամ հիմնադրելու այլ միություններ:
5. - Ազատ Հայը ակնկալում է և’ սոցիալական, և’ էթնիկական
իրավունքներ, ինչպես արտահայտում են բնորոշման երկու բաղադրիչներն
առանձին-առանձին: Այսուհանդերձ, Ազատ Հայի ազգայնականությունը չի
պարտադրվում, այն մնում է յուրաքանչյուրի խղճի ու գիտակցության
ընտրությունը, ինչն ակնկալում է ազգային ինքնագիտակցության վերաճ և
ներքին «բնական ընտրություն»:
6. - Ազատ հայը ինքն է որոշում ու ձեռնարկում իր
ազատագրությունը և դրա չափանիշները, ըստ մերձակիցների թե
հայրենակիցների բարի ցանկության օգնում նաև նրանց ինքնասթափմանը:
7. - Ոչ ոք իրավունք չունի բռնանալու որևէ մեկի վրա,
պարտադրելու իր համոզմունքներն ու գաղափարները, բայց բոլորն էլ
ենթարկվում են բարոյական ու ոգեղեն վերին օրենքներին, ինչպես
համամարդկային` այնպես էլ զուտ ներազգային սրբություններին:
8. - Ազատ սփյուռքահայը բարոյական լիարժեք իրավունք ունի
սահմանադրության սահմաններում միջամտելու հայրենիքի ներքին
իրադարձություններին, իշխանություններից պահանջելու
թափանցիկություն, օրինականություն և սահմանադրությամբ նախատեսված
իր քաղաքացիական ու ազգապատկան իրավունքների ճանաչում: Բազմիցս
առավել, երբ հայ պետականությունը հավակնում է լինել ողջ հայության
հայրենիքը:
9. - Ապրել առաջադեմ մարդկության մեջ ու մարդկության հետ
համահավասար իրավունքներով, համաշխարհայնացման բիրտ պայմաններում,
մասնակից համամարդկային բոլոր գործընթացներին, նույնքան սիրելով
այլազգի նման քույր ու եղբայրերին, պահպանելով հանդերձ իր սեփական
ինքնությունը, ինչը չի արգելվում աշխարհի որևէ սահմանադրությամբ:
Ճիշտ ընդհակառակը, ցանկացած խտրականություն դատապարտվում է, անգամ
սեռական փոքրամասնությունների նկատմամբ` ուր մնաց ծագումնաբանական:
10. - յԱԶԱՏ ՀԱՅ հռչակագիրն ակնկալում է թե’ հրատապ
նախաձեռնություններ և թե’ երկարաժամկետ առաքելություն, ուստի
ենթակա է լրացումների և հանգամանքային փոփոխությունների:
11. - Առավել հասունների համար, յԱԶԱՏ ՀԱՅ բնորոշումը կարող
է համատեղվել
ԻՆՔՆԻՆ ՀԱՅ ձևակերպման հետ, որը հավասարազոր է
ԷԱԿԱՆ ՀԱՅ կոչմանը: Զի,
ինքնին նշանակում է
ինքնուրույն, ինքն իրեն, առանց կողմնակի միջնորդության
(ԱՀԲԲ, Է .Աղայան), ինչն հավասարազոր է ազատ ու անկախ լինելուն,
բայց նաև շատ ավելին:
Փիլիսոփայորեն, Կանտի
«ինքին իրը», Սպինոզայի Causa sui-ինքնապատճառը, պլատոնյան
էյդոսը- հայոց
Էություն գերաստվածության ու գերհասկացության զուգահեռներն
են, իսկ հայերեն
էանալ նշանակում է «ի բնե լինել» և «հոր նման դառնալ»,
ինչպես հուն. eidos-նախագաղափար-նախատիպից են սերվում թե’
idea-գաղափարը և թե’ ideal-«երանելի տիպար» հասկացությունները:
Ուստի, նշյալ բոլոր առումներով
ինքնին հայ բնորոշումը պարունակում է ոչ միայն ազատ ու
անկախ հայ-էակի`
այլև էթնիկական ինքնության, որպես այդպիսինը մարդկության մեջ ու
մարդկության հետ կայանալու և դեռ յուրովի էանալու գաղափարները: Իսկ
այս արտաքնապես աննշան, բայց բովանդակորեն անչափ խորախորհուրդ
հանգամանքը արդի սոսկ կեցական-քաղաքացիական պահանջներին հաղորդում
է անհամեմատ երկարատև, գոյաբանական ու էաբանական նշանակություն և
առնչում
ԷԱԿԱՆՔ հազարամյակային նախածրագրին:
Այլ խոսքով, ԱԶԱՏ ՀԱՅ հռչակագիրը
նախատեսում է հայի նաև հոգևոր կայացումն ու էացումը առաջավոր
մարդկության շարքերում, վասն հանուր բարօրության ապահովելով նաև իր
համեստ լուման ու նախնյաց հոգևոր ժառանգությունը:
12. - Ազատ Հայի կայացումը ոչ այլ ինչ է` քան Նժդեհի
ակնկալած «վերադաստիարակությունը», նոր հայի երևակումն ու
ինքնահայտնությունը` ըստ էվոլյուցիոն անցյալ-ներկա-ապագա բնականոն
վերաճի:
Այդ է
Ազատ, Ինքնին ու
Հավերժ Հայի և ողջ հայության հնարավոր հարատևման ու
հավերժության միակ գրավականը: Այլ տեսլական ցայսօր չի եղել ու չի
լինելու!
Օ~րհնվի
Ազատ, Ինքնին, Էական ու
Հավերժ Հայը և նրա ցավոտ-ցավագար ծնունդը,
որն այլ բան չէ` քան այդքան հորջորջված նորացումն ու
վերածնունդը:
Օրհնվե~ն Ազատ Հայի սերունդներն ու աշխարհաքաղաքացի գալիք
հայությունը,
բեռնաթափված պատմության ժայռաբեկորից
ու ազատագրված իր իսկ բարդույթների բոժոժից:
Օ~ն, յԱԶԱՏ ՀԱՅ`
յԱզատ ի վեր, ի~Մասիս...
ԴՈ’Ւ ՈՒ ՔՈ’ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌԸ`
նախնյաց հոգիների դիցարանը: |
Լուսանկարը` տաղանդաշատ Սամվել Սևադայի: |
|
|
|