ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ |
Սկզբնաէջ |
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ: Կիրակի օրը, 2009 թ. մայիսի 17-ին, կայացավ «Հարատևում» բնորոշմամբ ընկերակցության պաշտոնական առաջին և հիմնադիր հավաքը, ստեղծելով ազգային և էթնոմշակութային պահպանության հայկական Կենտրոն: Նախաձեռնությունը մտահղացված է ծագումնաբան, ազգաբան, և էաբան Ալեքսանդր Վարպետյանի կողմից (Ֆրանսիա, ք. Մարսել): Նա հավաքին հրավիրվեց ինտերնետային Skype տեսակոնֆերանսի միջոցով, ինչը հետագայում կարող է ընդգրկել լայն շրջանակներ և այդու թելակարել համասփյուռ արթմնի հայությունը: Ընկերակցությունը օժտված է հռչակագրով և ըստ էության ջանալու է ամրագրել հայոց պատմական, մշակութային և կրթական ապահովությունը, հարատևման կամքն ու ինքնագիտակցությունը, թեև աշխարհում հայոց փոքրամասնության հանգամանքին և ապագայի անբարենապաստ վիճակագրությանը, և ի հեճուկս հենց այդ: Ըստ էության «Հարատևումը» ոգե-գաղափարական հոսանք է, կոչված շաղկապելու աշխարհասփյուռ այն հայորդիներին, ովքեր միայնակ կամ իրենց շրջանակներով ջանում են պահպանել իրենց ինքնությունը, ազգային կացութաձևը և քաղաքացիական փոխհարաբերությունները հյուրընկալ երկրներում և ազգ ու ազգույթների համաշխարհային օվկիանոսում: Երկրորդ: «Հարատևում» ոգե-գաղափարական հոսանքը նպատակ ունի նաև սրբագործելու հայոց լավագույն ու հոգևոր ավանդույթները, բարոյահոգեբանական կերպարն ու արժանապատվությունը` համաձայն քաղաքակիրթ չափանիշների, և քայլելով առաջավոր մարդկության հետ: Երրորդ: Հայոց պատմության զգալի մասը խեղաթյուրված է կամ խիստ թերագնահատված: Ուստի, ընկերակցությունը ջանալու է նաև վեր հանել հնագիտական և պատմական ճշմարտությունը, այն ներկայացնելով համամարդկային քաղաքակրթությանը, բոլոր ազնիվ ու պատվավոր ժողովուրդների գիտակից շրջանակներին, և անշուշտ հայ մանուկներին և երիտասարդությանը: Ավելին, «Հարատևումը» նպատակ ունի նպաստել հնագիտական հետազոտություններին, ծագումնաբանական և ազգագրական բացահայտումներին և դրանց տարածմանը, լույս սփռելով հայոց քաղաքակրթության ակունքների վրա: Առավել ծանոթանալու համար ընկերակցության նպատակներին և բացահայտելու համար հետաքրքրված հայ մտավորականներին, մասնագետներին (հնեաբան, ազգագրագետ, հասարակագետ, իրավաբան, հոգեբան, քաղաքական գործիչ և այլն) և ազնվահոգի անձանց, խնդրվում է ծանոթանալ www.eutyun.org կայքում զետեղված համապատասխան նյութերին, կամ դիմել կազմակերպությանը haratevum@gmail.com, կամ eutyun@gmail.com հասցեներով: Հորդորում ենք բոլոր գիտակից ու հավատավոր հայերին սատարել այս ինքնաբուխ, վերքաղաքական, լոկ նվիրական և զուտ ոգե-գաղափարական հոսանքին և միանալ դրան, գիտականորեն ապահովելու համար հայոց հարատևումը և ճակատագրի փոխանցումը արժանավոր հետնորդներին: Այդ ոչ ոքու ոչինչ չի պարտավորեցնում, բացի իր հոգու կրակը միացնելուց հանուր հոսանքին, իսկ ավելին` ըստ յուրաքանչյուրի նախասիրությունների և ազատ հանձնառությանը: Բարի կամքի տեր լրատվամիջոցներին խնդրվում է հրապարակել սույն հաղորդագրությունը, համակրանքի դեպքում` նաև փոխանցել այլոց: |