|
|
|
|
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒ ԱՄԵՆՕՐՅԱ
ԽՈՀԵՐ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ |
|
Այն` ինչ ժառանգել են ձեր նախնիք, հարկ
է այլորեն վաստակեք ինքներդ: Հակառակ
դեպքում այն երբեք ձերը չի լինի:
Գյոթե |
Վերևի նկարում. Էա-Հայա ծովաստվածն ու իր ձկնակերպ քրմերը
Կիսկանու տիեզերածառն օրհնելիս: Սնարին` թևավոր
աստվածություն, ձախից` «տիեզերական աղետը» սանձահարող
(ջրահավ և օձ) ամպրոպի աստվածը (շում.-աքքադ. կնքադրոշմ,
Ք.ա. 2-րդ հզ): Խեթ. ավանդույթներում այդ Կենաց-ծառը
կոչվում է GISeya
(Այա նախամոր
անվամբ), Արգոնավորդների առասպելում `
Էա(երկիրն ու սրբազան
Կաղնին, կատարին` Ոսկե գեղմը), Աստվածաշնչում`
Eva-Եվա, սլավ. ива-ուռենի, ճապ. այնուների
ավանդույթում`
Aïn-ուռենի (տոտեմ) , հայերենում`
կ’եա-կեանք-կենի... |
Հին Արևելքում, Հնդկաստանում, Հունաստանում և Հայաստանում կար
տոնածառի հետ կապված ամանորյա մի ավանդույթ: Քրմերը հմայական
խոսքերով հանելուկային «հարցուկ» էին անում տոնածառ-տիեզերածառին.
«Ծառ մի կայր ի մէջ տիեզերաց, ո’չ տերեւ
ունէր, ո’չ ճիւղ եւ ո’չ արմատ: Արծիւ մի նստեալ էր ի վերայ նորայ,
որ ո’չ գլուխ ունէր, ո’չ յոտ եւ ո’չ թեւ... »:
Մեկ առ մեկ թվարկելով հմայական ծառի առանձին
ատրիբուտները, ծեսն ավարտվում էր «Ո՞վ ես դու...» խորհրդավոր
հարցով: Նոր տարվա լույս գիշերը հանդիսավոր այդ արարողությունը
ակնկալում էր նախորդ տարում խափանված տիեզերակարգի
վերականգնումը...
Նախորդ դարասկզբի և խորհրդային
վերուվարումներից հետո, բոլորեց հայ իրականության մեջ խիստ
նշանակալից մի քսանամյակ: Այն հագուրդ էր փոթորկալից
իրադարձություններով. Սումգայիթ, արցախյան շարժում, երկրաշարժ,
անկախություն, պատերազմ, անկումային տարիներ, ներքին
ջղաձգություններ, դավաճանություն, ոճիր և վերստին... « հավերժ
բարեկամություն»: Մեկ խոսքով այն` ինչ եղել է վերջին 2000 տարում,
որի պարզապես «հոլոգրամային մեկ բեկորն» էր վերջին 20-ամյակը`
հայոց տարեգրության խտացված ու տիպական վերապրումը: Արդյունքում
կարծեք թե ունեցանք Արցախ (այն էլ խիստ հարցական...), բայց նաև
աներևակայելի արտագաղթ (այնքան` որքան եղեռնից հետո...),
անկախության, ինքնավստահության, հավատի ու տեսլականի կորուստ, և
հոգևոր արժեքների ծանր ինֆլացիա: Եվ այդպես էլ մնաց մեծ մի
հարցական. փոթորկալից այդ քսանամյակը համազգային զարթո՞ նք էր, թե՞
հոգեվարային աշխուժացում, ինչպես բազմիցս ունեցել ենք նաև
անցյալում, այդուհանդերձ գրանցելով հաստատուն նահանջ ու անկում...
Այժմ վերստին «հայրենաշինություն» է,
վերստին «հայրենադարձություն» ու վերստին «պայծառ ապագա»` մինչև
հաջորդ փորձություն: Եվ այս ամենը հին մեթոդներով` սակայն
բոլորովին նոր մի իրավիճակում. հայության ²/3 այլևս ապրում է
սփյուռքում և դժվար թե վերադառնա հայրենիք, ինչն ակնկալում է
հայրենիք-սփյուռք հավասարակշռության հետագա ծանրացում առ սփյուռք:
Իսկ այն իր հերթին ունի ուծացման վտանգ, հայրենիքը` օտարեցման,
հենց իր վերջին տարածքում: Բնավ չպետք է մխիթարվել հրեական
կենսափորձով, զի նախ նրանք ազատ, ոգե-գաղափարապես ինքնուրույն և
կեցականորեն անկախ ազգ են: Այսինքն ունեն այն` ինչ հայերը կորցրել
են հազարամյակներ ի վեր և այդու հասել անմխիթար այս իրավիճակին...
Ահա, այս նկատառումներով 80-ական
թվականներին սփյուռքում ստեղծվեց «Հարատևման Ուխտ»
ընկերակցությունը, որը 1990 թ. վերաճեց ԷՈԻԹՅՈՒՆ միաբանության,
որպես տեսլական ունենալով նոր հազարամյակի շեմին «վերականգնել
անցալում խաթարված տիեզերակարգը» և գիտականորեն գտնել հայոց
արմատական վերակենդանացման օրինաչափություններն ու միջոցները: «Դեռ
դրա ժամանակը չէ» - այնժամ հայտարարեցին նորընտիր
իշխանությունները, հաջորդ իշխանությունները` ընդհանրապես
արգելեցին, ինչի հետևանքն ի վերջո եղավ վերստին «կոտրած տաշտակը»:
Եվ Հ. Սահյանի քաղցրիկ խոսքերով այս անգամ ևս. «Մենք այդպես էլ
չիմացանք, թե մեր ուզած ժամանակը երբ է գալիս ժամանակին», մինչդեռ
մեր չուզած ժամանակը նույնիսկ ժամանակից առաջ է ընկնում:
Այժմ վերստին հառնում է հավերժ նույն
հիմնահարցը. Ի՞նչ շարունակություն, համամարդկային օվկիանոսում
ինչպի՞սի «տապան», ինչպի՞սի «նավազներ», ո՞ր ուղղությամբ, և դեպի
ո՞ր բևեռը, կամ գուցե դեպ... «տիեզերալե՞ռ»:
Ըստ Գ. Նժդեհի . «Ապագան վտանգված
ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»: Որքան
էլ իմաստուն և ԷՈԻԹՅԱՆԸ համահունչ այս խորհուրդը, դեռ
ամբողջությամբ չի հուշում, թե ինչպի՞սի վերադաստիարկություն, որն
այդուհանդերձ խորհրդավոր ու մասամբ գտնում ենք իր
գաղափարաբանության մեկնության մեջ
1:
1 «Հայությունը ցեղաճանաչությամբ միայն
կկարողանա իր էության չգիտակցված ուժերը լծելու գոյամարտի
գործին...: Ցեղակրոնությունը-ցեղի ճանաչումն է դա,
ճանաչումը մի գերբնական ուժի, ԷՈՒԹՅԱՆԸ: Այդ
ուժ-էությունից ծնված լինելու գիտակցությունն է դա: Այդ
ուժ-էությանը ցմահ հավատարիմ մնալու ուխտն է դա... »:
( «Ցեղակրոնության հավատամքը» ): |
Այսինքն այն` ինչը մեր բնաբանում
այլորեն ակնարկում է Գյոթեն, և ինչն ըստ էության որոնել է ԷՈԻԹՅՈՒՆ
Ազգային Իմաստության Տաճարը իր 20-ամյա գործունեության ողջ
ընթացքում: Եվ այն առերևույթորեն ճշմարիտ է այնքանով` որքանով
բորբոքեց ոգե-գաղափարական նման մի «գարնանատիղմ հոսանք» ( ի դեպ
այս քսանամյակի հատուկենտ ձեռքբերումներից մեկը: Առավել ևս, որ
«Գաղափարական անդաստանում գրավված տարածքները չեն
վերադարձվում»...), իսկ էապես ճշմարիտ այնքանով` որքանով
կատարելապես համահունչ էր համաշխարհային գիտական բացահայտումներին,
աշխարհայացքային խմորումներին, իսկ ամենակարևորը` գոյաբանորեն խիստ
անհրաժեշտ, քաղաքակրթական, վիճակագրական, տնտեսա-քաղաքական և
գլոբալիզացման արդի գործընթացում:
Ուրեմն ինչպի՞սի վերադաստիարակություն
և ինչպի՞սի հայ: Հասկանալի է, որ այդ վերաբերում է հիմնականում
երիտասարդությանը և այն էլ նրա առավել հասուն շրջանակին, իսկ
այլաբանորեն` «ջոջ գետի պղտոր հոսանքը» կտրող «զուլալ ջրերին»:
Ակնհայտորեն պարզ է նաև, որ «քրիստոնեական առաջին ազգ»,
«ցեղասպանություն», թե Արարատով այլևս ոչ ոքու չենք զարմացնում ու
դեռ ավելին` ձանձրացնում ենք բոլորին: Նոր սերնդին չէք հրապուրի
նաև «վարդանանքով», «ծովից ծով Հայաստանով» կամ «սամվելյան
հայրենասիրությամբ», երբ նա դրանց այլևս չի հավատում, ունի բնական
ինքնադրսևորման, կայացման և արդիական արժեքների պահանջ` այդ թվում
ինքնաճանաչման, հոգևոր ու կենսական, իսկ ամենակարևորը`
բարդույթներից ազատագրման հրամայականներ: Եվ երիցս առավել, որ
այսօր ձեր անուն-ազգանունից, կրթությունից և անգամ սոցիալական
կարգավիճակից առաջ հարցնում են ձեր ազգությունը: Այսինքն` ձեր
քաղաքակրթական պատկանելությունն ու ժառանգությունը:
Ուստի, այստեղ շրջանցելով
գիտա-փիլիսոփայական, խրատա-դաստիարակչական թե ազգասիրական
ճառաբանությունները միայն հղում կանենք
«յԱզատ հայ» մեր հռչակագրին, և որպես օրինակ` պարզապես կից
լուսանկարին, որին պատահաբար հանդիպել ենք Armenian Highlands
(Origins og Humen Civilization) անգլերեն կայքում:
Ամենայնից ավելի, այս լուսանկարն
ինքնին անչափ խոսուն է և խորախորհուրդ: Երկու հայ
երիտասարդներ լուսանկարվել են հայոց խիստ յուրահատուկ մի
վիշապաքարի մոտ: Անբռնազբոսիկ են, կենսուրախ, ժամանակակից,
կիրթ և տիպիկ հայկական դիմագծերով: Պարմանը, բնականորեն ու
ինքնավստահ հենվել է վիշապաքարին` ասես իր հայրական տան
հիմնասյանը: Պարմանուհին ժպտում է, բայց ոչ Ջոկոնդայի
խորհրդավորությամբ` այլ բաց, թափանցիկ ու անմիջական
կանացիությամբ: Իսկ այստեղ գլխավոր հերոսը, երբեմնի լքված,
արդ խնամքով վերականգնված վիշապաքարն է, երկինի ու երկրի,
արական ու իգական սկզբունքների համադրմամբ, ցլան ու խոյի
զոհաբերությամբ (այլ վիշապաքարերում` հոգևոր սկզբունք
խորհրդանշող ջրահավերի, աղավնիների, կամ տարիմաստ օձի
պատկերներով: Հմմտ. «տիեզերական աղետի» թեման վերոնշյալ
կնքադրոշմի վրա…), պտղաբերություն ու բարօրություն
ակնկալող նախնյաց իմաստաբանությամբ: |
|
|
Հավանաբար մեր անչափ համակրելի
պարմանները այդքանն ու դեռ շատ ավելին չգտեն: Բնությունը
ինքն է կարգավորել պահը: Բայց մի՞թե մարդկությունը երբևէ
գիտցել կամ գիտակցել է Աստծո թե Տիեզերքի ծրագիրը:
Բնազդաբար միայն հանձնվել է տիեզերակարգին, իսկ երբ շեղվել
կամ արհամարել է այն` ստացել չարիք որակվող պատիժը, ինչպես
լաբիրինթոսում պատեպատ խփվելով իր ճանապարհը որոնող
մկնիկը:
Այդպես, հանձնված աշխարհի «չորս
քամիներին», Բանական |
մարդը ևս «հոտոտելով» փնտրտում է «ե’ւ ճանապարհը, ե’ւ
ճշմարտութիւնը, ե’ւ կեանքի իմաստը», անվերջ վերադառնում բնության
օրենքներին ու տիեզերակարգին, բիո-կեցությանը, բնապահպանմանը,
մարմնական ու հոգևոր հիգիենային, իր ծագումնաբանությանն ու
երկրային առաքելությանը, յուրաքանչյուր զարգացած ազգ` իր
արմատներին, իսկ յուրաքանյուր հասուն թե հասունցող անձ ավելի ու
ավելի որոնում է իր ինքնությունն ու անհատականությունը, թերհաս
միջավայրը` անգամ tuning կոչված հասարակական մի արհեստական
հոսանքում ( բառացի` ներդաշնակում, կարգավորում, տվյալ դեպքում`
ինքնացման իմաստով…):
Կամա-ակամա, գիտակցես թե ոչ, այս
կեցական «մսաղացի» և հոգևոր «կոնվեկցիոն շրջանառության» մեջ ես նաև
դու` տո~ «լաճ տնավեր»: Բնականորեն անհատականացման, ինքնաճանաչման,
ինքնադրսևորման, արդիական արժեքների, կենսական ու ոգեղեն
պահանջների հետ, ունես նաև ինքնին ու ազատ լինելու, մարդկության
մեջ ու Տիեզերքի առջև բաց մնալու օրինաչափ ձգտում, բայց նաև
նախնյաց մշակութային փառահեղ ժառանգություն, իսկ գեներումդ` նաև
առհավական որակներ ու տաղանդ: Հատկապես, երբ այլևս հպարտանալու բան
չունես, ո’չ էլ ընդդարմ ազգակիցներիդ աջակցությունը, ո’չ քեզ թև ու
թիկունք հայրենիք և գիտակից իշխանություններ, այլ միայն դաժան
ճակատագրի, բայց նաև այդ շքեղ ժառանգության բեռը, իսկ դրա մեջ`
բոլոր ժամանակների գերիմաստությունը:
Եվ որքան էլ ծանր, վասն հենց նույն ճակատագրի թեթևացման, այդ
փառահեղ բեռը դու ավելի պիտի ծանրացնես քո իսկ պրպտումներով,
յուրայիններին ու աշխարհին ճշմարտությունը հարկադրելով: Դրանում է
կայանում հենց քո կայացումը, գոյությանդ բուն իմաստավորումն ու քո
հաղթաթուղթը, անձնական երջանկությունը, հոգևոր երկծնությունն ու
էացումը, իսկ որպես հայորդի` քո առաքելությունը մարդկության ու
Աստծո առջև, բայց նաև նախնիներիդ ու հետնորդներիդ հանդեպ, որի
վերընձյուղման շիվն ու հենարանը կարող ես լինել դո’ւ ու մի բուռ քո
նմանները:
Մնացյալը, «բնական ընտրության», այլ
օրենքների և Աստծո գործն է, և ամանորյա այս խորհուրդը:
ԲԱՐԻ ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆ:
Հին Արևելքում, Հնդկաստանում, Հունաստանում և Հայաստանում կար
տոնածառի հետ կապված ամանորյա մի ավանդույթ: Քրմերը հմայական
խոսքերով հանելուկային «հարցուկ» էին անում տոնածառ-տիեզերածառին.
«Ծառ մի կայր ի մէջ տիեզերաց, ո’չ տերեւ
ունէր, ո’չ ճիւղ եւ ո’չ արմատ: Արծիւ մի նստեալ էր ի վերայ նորայ,
որ ո’չ գլուխ ունէր, ո’չ յոտ եւ ո’չ թեւ: Տեսանէին տիեզերքն եւ
լսէին արարածք, հիացան եւ խռուեցան հրեշտաք, հարցին ցնայ եւ ասէն.
Զի՞ նչ ես դու, որ նստեալ էս ի ծառ
2... » :
|
Ալեքսանդր Արորդի
Մարսել, 12. 12. 2008թ. |
|
2 Հայկ. հմայագիր: Տե’ս, Ա. Օդաբաշյան,
«Տիեզերական ծառը հին հայոց դիցաբանական համակարգում»:
«Լրաբեր հասարակական գիտությունների», N° 10, 1987 թ.:
Գծանկարը` հեղինակի, «ԱՐՓԻԱԿԱՆ կամ ԱՐԵՎՈՐԴՅԱՑ ՊԱՐԸ»
կինոսցենարի և համանուն էպիկական քնարերգության
պատկերազարդումներից: |
|
|
|
|