ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ՉԳՈՅՈՒԹՅԱՆ ԳԱՀԸ ՀՐՈ ԵՐԿՐՈՒՄ ...
 

Լուսանկարը` Սամվել Սևադայի
      . . .
Պարն ավարտվել է
Ու խաղն արդեն վերջանում է:
Հանեցե’ք ձեր դիմակները:
Ուշացումի ամե~ն պահից
Իմ վիճակը
Ձեր փոխարեն լրջանում է,
Որովհետև ինձ է տրված, դժբախտաբար,
Հիշեցնել ձեզ վերստին ու վերջապես,
Որ ուշացած արթնացումը
Կնմանվի մի պայթյունի~,
Որից հետո
Լռությունն ու Փոշին պիտի գոտեմարտեն
Չգոյության գահի համար ...
Դուք առայժմ դեռ լսում եք,
Ուստի նաև ի’նձ լսեցեք
Ու հանեցե’ք դիմակներդ.
Արդեն խաղը վերջացա~ծ է ...

        (Պ. Սևակ, «Դիմակահանդեսի գլխավորը»)
 
         Ինքնին բռնակալը` ընդամենը բռնակալ է, ոչ ավելին: Այն նույնիսկ որոշակի դրական դեր կարող է խաղալ` ինչպես գայլը անտառում որպես «սանիտար»: Բայց լիովին այլ կատեգորիա է «գառան դիմակ հագած գայլը»... Նրա նշանակետը ամենևին էլ հիվանդ ու թուլակազմ ոչխարները չեն` այլևս նրա սնունդը միմիայն հոտի ամենաառողջ, ամենամատղաշ ու քիչ թե շատ գիտակից անդամներն են: Մինչդեռ հիվանդ ու վարակակիր ոչխարների նկատմամբ բացառիկ «մարդասիրությո՞ւն» թե՞ «ոչխարասիրություն» է ցուցաբերվում` թողնելով նրանց, որ հանգչեն իրենց բնական մահով...

        Այս ի՞նչ երկնային պատիժ է մեր ազգի գլխին կախվել և ո՞ր մեղքի համար: Ինչո՞ւ միջնադարյան խավարամտությամբ ու ստոր քինախնդրությամբ ոչնչացրեցինք մեր ողջ գիտամշակութային ու հոգևոր ժառանգությունը, երբ ուրիշները անապատների վրա անգամ դրախտավայրեր էին արարում ու վայրենիներից վերաճում հիրավի քաղաքակիրթ հանրույթների: Ինչո՞ւ սարսափելի եղեռնն անգամ չավելացրեց մեր զգոնությունը, և ազգովի դարձանք եղեռնացավ ու անհեթեթ հայդատականության բարբաջողներ: Ինչո՞ւ Արցախյան Գոյամարտի փայլուն ռազմական հաղթանակները ևս մեզ Վերածնունդ չպարգևեցին, փոխարենը վարակելով նոր մի հիվանդությամբ` «արցախտով»... Չխառնվելով Աստծո գործերին, փաստենք, որ բնական է ու բարոյական, երբ ոչխարն ապրում է իր օրերը ոչխարային կյանքով, սակայն կա՞ արդյոք առավել մեծ մեղք հանդեպ աստվածային օրենքների, երբ ոչխարային կյանքով է ապրում անգամ առյուծը կամ թեկուզ գայլը:

        Մի՞ թե այլևս բավական չէ սեթևեթել բազմաթիվ գավառական կիսագրագետների ու քաղաքական գրպանահատների հետ: Բավ չէ՞ անցնել զանազան միջակությունների սրի տակով, որոնք այլևս միջակություններ էլ չեն, քանզի միջակությունների «դերն այն է ի վերուստ», որ բարդույթավորվեն շնորհալիների հրավառ շողերից և առավելագույնը ինչ կարող են` խայթել թիկունքից, մինչդեռ սրանք շնագայլերի մի ոհմակ են կազմել Գազանի  ձեռքում և իրենց ճանապարհին ոչնչացնում են առյուծներին անգամ` էլ ուր մնաց ցուլերին ու եղնիկներին, իսկ որ ամենացավալին է, առաջին հերթին կորյուններին` առյուծներին վաղվա...

        Այս ի՞նչ երկիր ենք դարձել: Պատերազմ հաղթած Սպարապետ  ու տասնամյակով երկիր շենացրած մի Վեհապետ  է «մորթվում» մեր իսկ Գերագույն Ատյանում: Բազմաթիվ մանուկների երազն է փշրվում, որոնք փոխանակ հրճվելու մարտիմեկյան գարնանամուտով, իրենց մեծերի արյունոտ տեսարաններից սարսափած դեմքերը տեսնելով, կծկվում են խիստ... ու կորցնում մի ամբողջ մանկություն: Ընթացիկ Գահակալը  հանգիստ խղճով զրկում է Արցախյան Պատերազմի Հերոսին իր այդ վաստակած կոչումից: Իսկ մեկ այլ հերոսի` դիմակավորները կռացրած քարշ են տալիս ի տես ողջ ժողովրդի... Այն նույն դիմակավորները, որոնք օրեր առաջ կրակել էին իրենց եղբայրների ու քույրերի վրա, մինչդեռ նրանց գործը ազգի թշնամիների, կամ առնվազն ծանր հանցագործների վնասազերծումն է սոսկ, և ոչ միայն բարոյական օրենքներով կարո’ղ էին, այլև իրավական տեսանկյունից պարտավո’ր էին մերժել վերադասի հրամանը` մարտական փամփուշտներով կրակելու սեփական ժողովրդի վրա: Եվ այդ նույն Գահակալը  ամբողջ ազգի համար բացահայտում է իբր օտարերկրյա գործակալ ու ազգի թշնամի, մինչդեռ ամիսներ անց հաջորդ Արքան  շտապում է այդ նույն «գործակալին» նշանակել ո’չ ավել, ո’չ պակաս` Ազգային Անվտանգության Խորհրդի Քարտուղար: Իսկ առաջնեկ Կուսակալը , որ վերադարձել էր ազատագրելու ժողովրդին իբր մոնղոլ-թաթարական լծից, մարդկանց կանչում էր հրապարակ միասնական ուժերով արդարություն վերականգնելու կոչով և նախապես հայտարարում, որ... բոլորին պաշտոններ կշնորհի ըստ իրենց քարոզարշավում ներդրված ջանքերի ու աշխատանքի, ապա ազդարարում, որ երկու օրից ժողովուրդը կունենա իր ուզած նախագահը` երբ այն ունեցավ «Վաթեռլոո»... Ա~յ քեզ արդարության վերականգնում, ա~յ քեզ հաղթանակ... Իսկ վերևում «մոնղոլ-թաթարականի» դիմաց «իբր» նախածանցը դրվեց ոչ այն պատճառով, որ եղած լուծը ավելի մեղմ է քան մոնղոլ-թաթարականը, այլ այն, որ այդ կամա թե ակամա տրված բնորոշումը կոռեկտ չէ և շեղում է մարդկանց ուշադրությունը բուն` առավել մտահոգիչ իրողություններից...

        Որևէ մեկին չի՞ հուզել այն հարցը, թե այդ ինչպե՞ս կարող էր պատահել, որ մեր երկրի ԳԱԱ-ն Օրբելիի ու Համբարձումյանի նման հայրենասեր ու հռչակավոր գիտնականներից հետո պետք է սկսեին ղեկավարել Ֆ.Սարգսյանի և Ռ.Մարտիրոսյանի նման անհատները, որոնց գիտական արժեքը եթե ակնհայտ չէ, բայց որ առաջին հերթին ու հիմնականում չինովնիկներ են` դա հաստա’տ: Իսկ թե ի՞նչ է կատարվում այսօր անգամ մեր մայր ԲՈՒՀ-ում` կարող եք հարցնել ցանկացած գիտակից դասախոսի կամ ուսանողի: Թե՞ դեռ կասկածողներ կան, որ որևէ ազգի դեպի կործանում տանող ամենադիպուկ ու նենգ ճանապարհը նրա կրթական ու գիտական համակարգի քայքայումն է:

        Բանաստեղծներն ու «սրբազան խենթերն» են ժողովրդի խիղճն ու ժամանակի ոգին: Եվ յուրաքանչյուրն ինքը կարող է հաշվել, թե քանի հարյուրամյակ է ինչ մեր ազգը անընդմեջ ու ամեն պահի ունեցել է իր ծոցից ծնված մեծագույն անհատներ և այդ շարունակականությունը չի ընդհատվել անգամ ստալինյան տարիներին: Իսկ ո՞վ կասի մերօրյա բանաստեղծի անունը: Թե՞ հանրապետության առաջին նախագահի նման վստահորեն կհայտարարեք, որ Հ.Մաթևոսյանի մահից հետո մեր համար մեկ կենդանի գրողն է դարձել Վանո Սիրադեղյանը: Անգամ եթե Վանոն է` կրկին աքսորյալ...

        Կամ նույն մեր Եկեղեցին. Սահակ Պարթևից, Խրիմյան Հայրիկից կամ Վազգեն Առաջինից հետո ովքե՞ր են առաջնորդում մեր այս «հոտը»: Արդյոք բոլո՞րն են հասկանում կամ գոնե հետաքրքրվում:

        Տվեք մեզ ներկայի գեթ մեկ քաղաքական վերլուծաբանի անուն, որն իր ունակություններով ու հեռատեսությամբ գոնե հեռավոր ու չնչին աղերս կունենա վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի հետ` մարդ, որի գրիչը խորն էր, դիպուկ և անկաշառ: Մինչդեռ մեզանում հաստատ կգտնվեն մարդիկ, որ նրա մահը առանց չնչին կասկածի կորակեն որպես դժբախտ պատահար, իսկ կասկածողներից շատերն էլ կմնան անտարբեր և անգամ չեն հետաքրքրվի, թե որտեղի՞ց կարող էր Տիգրանը կռահել սպասվելիք հոկտեմբերի 27-ի մասին, երբ մահացել է այդ դեպքից ամիսներ առաջ...

ԱՆԻ:  Ամենափրկիչ եկեղեցու ավերակը:
Աստված հայրենիքը վատթարից փրկի ...
        Բավարարվենք այսքանով, քանզի շատ հեռուն կարող ենք գնալ, մինչդեռ եղածի մեկ տոկոսն էլ երևի չասացինք... Այսքանից հետո էլ ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ աղքատություն ու սոցիալական վիճակ կամ ի՞նչ քաղբանտարկյալներ և վտարանդիներ:
        Եվ խորին դառնությամբ հակառակվելով մեծն Չարենցին անգամ, արձանագրենք, որ.
Ո’չ, սիրելիդ իմ հայ ժողովուրդ, քո փրկությունը
ամենևին էլ քո հավաքական ուժի մեջ չէ... 
         Քանզի, Ա.Վարպետյանի խոսքերով ասած.
Տխմարների միասնությունը ավելի մեծ տխմարություն է,
վախկոտների միասնությունը` ահուսարսափ...
Մինչդեռ գաղափարի շուրջ միասնությունը` հիմնավոր,
ոգու միասնությունը` փոթորկում...
         Եվ չենք կարող չավարտել մեր խոսքը նույն Չարենցի ոգով.
...    - Որպես վառվող մի սիրտ, ողջակիզվող կրակ,
Մայր էր մտնում հեռուն արեգակը հրակ,
Որ գիշերից հետո, որպես հրե մի վարդ,
Նորից վառվի ծիրում ու բարձրանա զվարթ –
Եվ լափվելով անվերջ իր կարմրակեզ հրից`
Երկինքների մովում ողջակիզվի նորից –
Որ դաշտերին խոնավ, ճահիճներին ճղճիմ
Տա~ իր վառվող հոգու ոսկիները վերջին ...

                            
          ( «Վերադարձ» )
  Մ. Ս. 27 հունիսի 2008 թ.  
  
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 
         Հուսով ենք, որ ընթերցողների կողմից չենք մեղադրվի ո’չ բոլորին ամեն ինչում մեղադրելու ու բոլորի միջև հավասարության նշաններ դնելու և ո’չ էլ հուսալքող տրամադրություններ սփռելու մեջ: Պարզապես, «ճշմարտությունը վեր է ամեն ինչից»-ը որդեգրելով որպես երկաթյա սկզբունք, վստահ ենք, որ ամեն ինչից առաջ անհրաժեշտ է առավելագույն ճշգրտությամբ գնահատել իրականությունը այնպիսին` ինչպիսին կա, որքան էլ այն դառը լինի և շատերիս դուր չգա: Այլ ճանապարհ ազատագրվելու պատմական բարդույթներից ու ստրկամտությունից չենք տեսնում և երբեք ոչինչ անել չենք կարող, քանի դեռ չի ձևավորվել Գիտակից և Ազնիվ, ու որ ամենակարևորն է` ԱԶԱՏ ՀԱՅԸ ...
        Գուցե ավելորդ է, բայց ընդգծենք, որ անգամ այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Լ.Տեր-Պետրոսյանը, Ռ.Քոչարյանը կամ Ս.Սարգսյանը` այլևս դուրս են մեր ուշադրության կենտրոնից, զի նրանք արդեն անգամ երկրորդական նշանակություն էլ չունեն: Իսկ որպես ավելի կարևոր գործոնի օրինակ կարող ենք բերել մեր «երեսուն արծաթանոց» մտավորականների բազմահազարանոց բանակը: Իհարկե, «երեսուն արծաթ» վերցնելով նրանք չեն դադարել մտավորական լինելուց, սակայն եթե սովորական հայն ու քաղաքացին նման հանրույթի մասնիկը լինելով` ընդամենը «ակամա դժբախտ» է, ապա վերոնշյալ յուրաքանչյուր մտավորական` նաև անմիջական պատասխանատուն ու մեղսակիցը այդ «համազգային դժբախտության»...
        Իսկ այսօրվա Համաշխարհային Թատերաբեմի օրըստօրե ահագնացող թոհուբոհում մենք իսկապես կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջև: Մեր աչքի առաջ, «Արևմտյան Բիզոնի» և «Հյուսիսային Արջի» անհաշտ «գոտեմարտի» պայմաններում, բազմաթիվ ազգեր ու հանրույթներ կարողանում են կողմնորոշվել և գոյատևել, ու դեռ սեփական դիրքորոշումներ առաջադրել և պաշտպանել: Մինչդեռ մեր հայրենի «առաջնորդող այրերի» մտահորիզոնն այլ դիրքորոշում ունակ չէ որդեգրելու, քան «Հյուսիսային Արջի հետույքում պատսպարվելը»... ու դեռ իրենց սեփական փոքրոգությունը և ընչաքաղցությունն էլ վերադիր:
        Ու մի վերջին նկատառում. ոչ-ոք թող չշտապի մեզ հանդիմանելու «կես-ճշմարտություններ» ասելու համար... Մենք առաջիկայում կջանանք շարունակել մեր նկատառումները և իրերն իրենց անունով կոչելը, քանզի ինքներս էլ լավ հասկանում ենք, որ.
ԿԵՍ-ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՍԵԼԸ ՆՈՒՅՆՆ Է,
ԻՆՉ ՈՐ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱՅՈՎ ԿԵՍ-ԹՌԻՉՔԸ...