ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
  Սկզբնաէջ      
 
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ
 
             88-ի համազգային շարժման տարիներից մինչ այժմ շատ է հնչեցվել “Ազգային գաղափարախոսություն” հասկացությունը, տրվել են տարբեր սահմանումներ ու ձևակերպումներ, բազմիցս ասվել է դրա անհրաժեշտության ու զորության մասին, բայց հաճախ էլ ժխտվել է կարևորությունը, իսկ երբեմն էլ` նաև իսկությունը: Այնուամենայնիվ փորձենք հասկանալ, թե ի վերջո ինչի՞ մասին է խոսքը, ինչպիսի՞ն է հանրային ընկալումը և ի՞նչ ունենք այսօր:

            Նախ նկատենք, որ այս հարցի մասին առավելաբար բարձրաձայնել են մեր գրեթե բոլոր քաղաքական և մի քանի հասարակական կազմակերպությունները: Իսկ այդ կազմակերպություններից (ի դեպ, որոնց կանոնադրություններն ու գաղափարական սկզբունքները իրարից շատ քիչ են տարբերվում)  շատերի անվանումն իր մեջ պարունակում է “ազգային” բառը, և գրեթե բոլորն էլ խոսում են ազգային շահերի, ազգային նպատակների, ազգային խնդիրների և բազմաթիվ այլ ազգային “բաների” մասին: Արդյոք բոլորի՞ կողմից է “ազգային” բառը միևնույն իմաստով ընկալվում, շա՞տ չեն թյուրըմբըռնումներն ու շեղումները բուն հասկացությունից:

            Մեջբերենք Ա.Վարպետյանի “Արիականք” գրքից մի հատված (ասենք, որ այդ գիրքն ըստ էության գրվել է որպես Հայոց Ազգային Գաղափարախոսություն).

           
Անհեթեթություն է խոսել ու դեռ գաղափարախոսել մի նյութի վերաբերյալ` առանց դրա էության ըմբռնման: Այն նման է դառնում “գույների մասին կույրերի դատողությանը” (Դ.Անհաղթ)  կամ “Նեսոյի քարաբաղնիսին”: Ավա~ղ, այս է ոչ միայն մեր ազգային թե քաղաքական այրերի մեծամասնության` այլև հեղինակավոր մի շարք տեսությունների պարագան: Առաջինները “ժողովուրդ” և “ազգ” հասկացությունները հաճախ նույնացնում են, իսկ ազգային որակումն օգտագործում “պետական” առումով (ազգային ակադեմիա, ազգային գրադարան, ազգային բանկ ևն):  Այս պարագային “ազգային պետություն” հռչակումը ստանում է “պետական պետություն” անհեթեթ իմաստը: 

            Վերջին քսան տարիների զարգացումները, ստեղծված կազմակերպությունները և արտահայտված տեսակետները դիտարկելով կարելի է տեսնել մի շարք “վարիացիոն” առանձնահատկություններ և ուղղություններ: Անդրադառնանք մի քանիսին.

            Հատուկ տեղ է զբաղեցնում նժդեհականությունը (տարոնականությամբ հանդերձ)` իր “ենթավարիացիաներով”:  Այստեղ աչք են ծակում խիստ ծայրահեղ ազգայնական դրսևորումները, որոնք հաճախ հանդես են գալիս մեծ շեղումներով` աղավաղելով և այլասերելով բուն նժդեհյան գաղափարները: Բայց ակնհայտ է, որ ազգային ծայրահեղականները հանրային կյանքում որոշիչ դեր չեն խաղում: Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում “Հանրապետական Կուսակցության” պարագան, քանզի ՀՀԿ-ն բավականին ժամանակ է, ինչ իշխանության կրող է հանդիսանում: Թեև կուսակցության ստեղծման և գաղափարական սկզբունքերի հիմքում հենց նժդեհականությունն է դրված, սակայն այսօր կուսակցության իրական դրսևորումների մեջ շատ դժվար է որևէ ընդհանրություն գտնել Նժդեհի հետ: Եւ եթե ՀՀԿ-ի առաջին երեք երջանկահիշատակ առաջնորդների օրոք որոշակիորեն փոփոխվում էր կուսակցության «դիմագիծը», ապա այժմ նույնիսկ դեպքեր են լինում, երբ որոշ կարկառուն հանրապետականներ ոչ միայն դժկամությամբ, այլ նաև “ամաչելով” են հիշատակում Նժդեհի անունը:

            Իր ուրույն տեղն ու կայուն կարգավիճակն ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:  Ակնհայտ է, որ ՀՅԴ-ի պարագայում գործ ունենք շատ լուրջ, լավ կազմակերպված և ուժեղ կուսակցության հետ: Բայց ամենաուշագրավ հանգամանքն այս վերլուծության շրջանակներում այն է, որ եթե ՀՅԴ-ում սոցիալիստական և ընկերավարական գաղափարները բավականին ընդգծված են ու շատ կարևորվում են, ապա ազգային գաղափարախոսության համար «տեղ չի գտնվել»: Ի միջի այլոց, մեր մեծագույն ազգային հերոսներ Անդրանիկի և Նժդեհի վերաբերմունքը ՀՅԴ-ի հանդեպ, մեղմ ասած, միշտ չէ, որ դրական է եղել, և այսօր, եթե Անդրանիկին հիշատակելուց ՀՅԴ-ն ընդհանրապես խուսափում է, ապա Նժդեհի պարագան նրանց կողմից բացատրվում է Նժդեհի խոր անհատականությամբ և կուսակցական “խառնվածք” չունենալով:

           Ցավոք ազգային գաղափարները շատ աղոտ դրսևորվեցին “Ղարաբաղ” կոմիտեի և նրան հարող շրջանակների կողմից:  Այդ շարժման ղեկավարները, ինտելեկտուալ լինելով հանդերձ, միշտ չէ, որ բավարար խորությամբ ընկալել են ազգային խնդիրները և միշտ չէ, որ բավարար ուշադրության են արժանացրել դրանց: Ինչ որ պահից սկսած, նրանց մի ստվար մասը, նույնիսկ կարելի է ասել` մեծամասնությունը, ընդհանրապես սկսեց մերժողականություն դրսևորել ամեն մի ազգայինի հանդեպ, երբեմն նաև անթույլատրելի պիտակավորումներ կպցնելով ազգային հարցեր առաջադրողներին: Բայց, կարելի է ասել, որ շարժման առաջնորդների մի մասը, հասկանալով ազգային գաղափարների կարևորությունը, այնուամենայնիվ շարունակեց գոնե կարգախոսային մակարդակով մշտապես հնչեցնել այդ հարցերը:

           Լավ չէ, որ ազգային գաղափարների արծարծումը հիմնականում, այն էլ աղավաղումներով, կատարվում է կուսակցությունների կողմից: Այնինչ ակնհայտ է, որ այդ պետք է արվեր և ուղղորդվեր հայ բարձր մտավորականության կողմից, այն էլ` պետական աջակցությամբ ու քաջալերմամբ:  Բայց այս 20 տարիների ընթացքում, բացի որոշ անհատների կողմից կատարված աշխատանքներից, որոնք որպես կանոն լինում էին ոչ ամբողջական և ոչ համակարգված, այլ լուրջ դրսևորումներ չեղան:

            Այդ առումով միակ բացառությունը հանդիսացավ դեռ 90-ականների սկզբին մի շարք նվիրյալ մտավորականների կողմից հիմնադրված “ԷՈՒԹՅՈՒՆ Ազգային Իմաստության Տաճար” կազմակերպությունը, որի ստեղծման բուն նպատակներից մեկը հենց «Ազգային Գաղափարախոսության» արարումն էր:  Որոշակի պատճառներով, այդ թվում պետական ոչ բարեհամբույր վերաբերմունքի, այդ կազմակերպությունը հնարավորություն չունեցավ գործնականորեն անել ավելին` քան կարող էր, բայց իր տեսական առաքելության մասով ծրագրածից էլ ավելին արեց: Կարելի է ասել, որ Նժդեհից հետո, «Էության» նախագահ Ա.Վարպետյանը առաջինն էր, որ շարադրեց հայոց բուն հիմնախնդիրները և ապագայի տեսլականները: Եթե Նժդեհի պարագայում այդ արվել էր հիմնականում կարգախոսային տեսքով, ուր առանձնահատուկ տեղ էին գրավում ոգեղեն ուժերի ի հայտ բերումն ու դրսևորումը, բարոյականությունը և արիությունը, հայրենապաշտությունն ու նվիրումը, ապա Վարպետյանի մոտ այդ ամենը լրջորեն համակարգվեցին և դրվեցին գիտական հիմքերի վրա: Այսօր Նժդեհի գաղափարներին արդեն քիչ թե շատ ծանոթ է մեր հանրությունը (ցավոք, շատ դեպքերում` մեծ աղավաղումներով),  բայց Վարպետյանի աշխատությունների մասին բավարար չափով տեղեկացված չէ:

            Վերադառնանք այս փոքրիկ վերլուծության բուն հարցին` “Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ընկալվում ազգային գաղափարախոսությունը մեր հանրության կողմից”:  Մեզանում առկա են բազմաթիվ թյուրըմբռնումներ և իրականությունն աղավաղող տարածված կարծիքներ: Դիտարկենք դրանցից մի քանիսը, որոնք հաճախ են հնչեցվում և որոնք ոչ բավարար սթափ դատողունակության պարագայում հաճախ ճշմարտության տեղ անցնում են:

            Ազգային գաղափարախոսությունը համատեղելի չէ ժողովրդավարության հետ: Ցավոք այս “ծուղակը” անգամ մտավորական մարդիկ են ընկնում, որը կարծում ենք հետևանք է հասկացությունների ոչ հստակ սահմանման և ըմբռնման, թեպետ նաև զարմանալի է, քանզի ամեն ինչ իրականում բավականին պարզ է: Ազգային գաղափարախոսությունը ամենևին էլ չի ենթադրում պետական գաղափարական քարոզչություն ու պարտադրանք, հետևաբար որևէ կերպ չի կարող սահմանափակել մարդու ո’չ իրավունքները, ո’չ խղճի ազատությունը, ո’չ էլ ցանկացած ազատություն: Որպես օրինակ դիտարկենք բարոյականությունը, որը բնականաբար սահմանադրությամբ և օրենքներով որևէ հստակ սահմանում չունի: Պարզ է, որ մեկն առնվազն հոգեպես ոչ առողջ պետք է լինի, որպեսզի պնդի, որ ինքն ազատ է բարոյական կամ անբարոյական մարդ լինելու, և որ դա նորմալ է, քանի որ դա իր մարդկային ազատությունն է և իրավունքը:

            Հայ մարդու խոր անհատականության պատճառով հնարավոր չէ ազգի կազմակերպումը որևէ գաղափարախոսության ներքո: Այստեղ կարծես ճշմարտանման բան կա… բայց միայն նման և միայն առաջին հայացքից: Իրականում ճշմարտությունը շատ ավելի խորքային է, և անթույլատրելի է առաջին տպավորությամբ նման անպատասխանատու հետևությունների հանգել: Այնինչ խնդիրն այն է, որ հայոց համախմբումը կարող է միայն առավել խորը և առավել էական գաղափարների շուրջ կատարվել, և պատմության մեջ առավել հայտնի ստանդարտ ու դասական օրինակները չեն կարող աշխատել հայերի դեպքում, որը պայմանավորված է հայ մշակութային ժառանգությամբ ու հայոց գեներով, և բնական է, որ եթե մի որոշակի գաղափարախոսությամբ որևէ աֆրիկական ազգ շատ նորմալ կարող է գոյատևել ու զարգանալ, ապա այդ նույն գաղափարախոսությունը հայերի համար կարող է միայն կործանարար լինել:

            Բարոյական դեգրադացիայի պատճառով հայ մարդն այլևս ունակ չէ բարձր գաղափարներ կրելու: Այն, որ բարոյական որոշակի հետնահանջ ունենք` փաստ է: Բայց կարծում ենք դա անշրջելի երևույթ չէ, իսկ ամենակարևորը, մեծ մասամբ անբարոյական դրսևորումները լինում են միջավայրային ազդեցությունների և հանրային անառողջ մթնոլորտի հետևանքով, և ամենևին չեն արտացոլում տվյալ անհատի բուն հոգեկերտվածքը: Մեկ պարզ օրինակ մի ծանոթ տղայի հետ կապված, որն այն մարդկային տեսակին էր պատկանում, որ աղճատված պատկերացումներ ուներ արժանապատվության ու բարոյականության մասին: Հանգամանքների բերումով նա մի քանի ամսով եղել էր եվրոպական երկրներից մեկում, և վերադառնալով մի առանձնահատուկ ոգևորությամբ պատմում էր, թե ինչպես են այնտեղ մարդիկ իրար հարգում, և թե ինչպես ինքը իրեն երբեք թույլ չէր տա ծխախոտի գլանակը նետել գետնին, այնինչ մինչ այդ, այդ նույն տղայի համար ամոթալի և մահացու վիրավորական կլիներ, եթե նա երևանյան փողոցներում գետնին նետելու փոխարեն գլանակը գցեր աղբամանի մեջ:

            Հայ ազգը շատ ծեր է ու վախճանն անխուսափելի է: Այս պնդումը ևս առաջին հայացքից ճշմարտանման է թվում: Սակայն երբևէ որևէ մեկը հստակ չի ապացուցել այդ պնդումը, և կրկին անթույլատրելի է նման “գեղարվեստական” համաբանություններով “լուծում տալ” խնդրին: Այս դեպքում ևս անհրաժեշտություն կա խորանալու խնդրի բուն էության մեջ և արևերես հանել “մերկ” ճշմարտությունը:

            Եկեղեցին որպես Ազգային Գաղափարախոսություն, իսկ Եկեղեցու Պատմությունը` Ազգային Կրթության հիմնասյուն: Բնականաբար այդ իմաստակությանը չէինք էլ անդրադառնա, եթե այն նաև բարձր պետական այրերի կողմից հաճախ չհնչեցվեր: Անհեթեթությունն այնքան մեծ է, որ ամենևին զարմանալաի չի լինի, եթե այդպիսի "խելոք" մտքեր արտահայտողներն, ասենք որպես Մեծ Նկարիչներ, տային Նյուտոնի և Էյնշտեյնի անունները:

            Խուսափելով ամփոփիչ եզրահանգումներից ու գնահատականներից, պարզապես փաստենք, որ Ազգային Գաղափարախոսության ընկալումը մեր հանրության կողմից շատ աղճատված է ու թեպետ գոնե բնազդային մակարդակով դեռ քսան տարի առաջ հանրության կողմից ընկալվում էր դրա անհրաժեշտությունն ու կարևորությունը, ապա այժ այդ “բնազդը” ոչ միայն չի վերաճել հասուն գաղափարների և հստակ ձևակերպումների, այլ բավականին աղավաղվել և այլասերվել է: Իսկ ամենացավալին այն է, որ մեր հանրությունը նաև կորցնում է խորքային և էական խոսք ընկալելու ունակությունը… և որպես կանոն, նման Խոսքը հնչում է որպես Ձայն Բարբառո Անապատի:

            Իսկ վերջում` պատմական ակնարկ. հիշենք, թե դարեր առաջ մեր "մտավորական էլիտան" և "սրբազան կղերը" ինչպես վարվեցին մեր Պավլիկյան ու Թոնդրակյան շարժումների հետ... այն շարժումների, որոնցով նաև էապես պայմանավորված էր Ռենեսանսը` Եվրոպական Վերածնունդը, իսկ այսօրվա Եվրոպան, որի մասին այդքան խոսվում է` այդ Վերածնունդի "զավակն" է:
  Մ. Ս. 07 հունվարի 2008 թ.