ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ  
Սկզբնաէջ
 
     
 

Տիեզերքի կենտրոնը յուրաքանչյուրիս ներաշխարհն է,
այն` աստեղնային «ճերմակ խոռոչներ» դեպի անսահմանություն:
  
Սույն տարածքը անհատական ոլորտ է, որտեղ կարտահայտվեն ոմանց խոհերը, իմաստախոսություններն
ու թռուցիկ դիտարկումները ընթացիկ իրադարձությունների, խնդրականների թե գաղափարների վերաբերյալ:
Հարկ չէ դրանց մեջ անպատճառ խոստովանություններ, դրույթներ թե մարգարեություններ որոնել: Իսկ եթե
այդուհանդերձ դրանք լինեն, ապա պետք է վստահել ժամանակի իմաստությանն ու անաչառ ճշմարտությանը:

 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
( N° 22 )
 
    վարից վեր` ըստ հաջորդական  ամսաթվերի

07.02.2016թ. -
ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ
21.07.2015թ. -ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՑԸ
01.07.2015թ.-ԱՂԵՂՆԱՎՈՐ
...
07.03.2016թ.
  ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ  

   

    2500 մ² մակերեսով երեք հարկանի այս թանգարանը բացվեց 2014 թ. Ուրֆայում, թեև քաղաքն ուներ 1500 մ² մակերեսով ոչ հին մեկ այլ թանգարան: Նորի պատճառը Ուրֆայի մոտակայքում «հազարամյակային բացահայտում» որակված Գյոբեկլի թեփե հսկայական հուշարձանն է, աշխարհի հնագույն առաջին տաճարը: Այն գլխիվայր է շրջում մշակութային անցյալի և արևելագիտության վերաբերյալ ցայսօր ընդունված տեսությունները: Իսկ եթե թանգարանի սրահները համարյա դատարկ են, ապա այդ այն պատճառով, որ առայժմ պեղված է 9 հեկտար տարածքով հնագիտական համալիրի ընդամենը 5-6%: Մնացյալը խոստանում է լինել առավել բեղմնավոր, ուստի նորակառույց թանգարանը նախատեսում է ընդունել այդ: Եվ քանզի հուշարձանը գտնվում է գիտական և հետաքրքրասեր աշխարհի ուշադրության կենտրոնում, ապագայում սպասվում է այցելուների հեղեղ, ինչն էլ քաղաքի գեղեցիկ կառուցապատման և այս նոր թանգարանի բացման դրդապատճառներից մեկն է, բնականաբար նաև տնտեսական և քաղաքական նկատառումներով: Առավել ևս, որ աշխարհում ավելի ու ավելի են ծավալվում առեղծվածային հուշարձանի վերաբերյալ իբր «սենսացիոն» բացահայտումները, անգամ  Alien Theory բնույթով (այլորեն՝ «այլամոլորակային մեր նախնիք»): Բնականաբար այդ ևս ֆինանսական և սպառողական շահարկումներով: Մինչդեռ, Գյոբեկլի թեփեն շարունակում է պահել իր բյուր հազարամյա գաղտնիքները...

      Հուշարձանի վերաբերյալ առաջին հրապարակումը եղավ 2000 թ. օգոստոսին, գերմ.  «Bild der wissenschaft»  գիտական ամսագրի N°8  համարով: Ճիշտ միաժամանակ «Ծննդոց -ԱՅԱ» մեր մենագրության հրատարակման հետ: Այդ մասին, հանդեսի գերմանաբնակ գրող Սևակ Արամազդի առաքմամբ, մենք տեղեկացանք և հրապարակեցինք 2001 թ. գարնանը (տե՛ս
. https://www.youtube.com/watch?v=U7Oo_zaS73M ): Եվ քանզի այն բառացիորեն հաստատում էր  ըստ մեր տեսության Հայկ. լեռնաշխարհում հայոց և համամարդկային քաղաքակրթության 12 000-ամյա ծագումնաբանությունը, 2004 թ. մենք եղանք Ուրֆայում և Գյոբեկլի թեփեյում, իսկ 2008թ. ամփոփեցինք մեր դիտարկումները: Սակայն, խուսափելով հերթական բանագողություններից, այն այլ բացառիկ բացահայտումների հետ պահեցինք առանձնակի մեր գզրոցում: 2015 թ.,  միայն մեկ փոքրիկ հատված ներկայացվեց  Լոս Անջելեսում, ԷՈՒԹՅԱՆ 25-ամյա հոբելյանի շնորհանդեսին: Դրանից հետո չեն դադարում հորդորները հետազոտությունը անգլերեն թարգմանելու և գիտական աշխարհին ներկայացնելու համար: Ու թեև աշխարհով մեկ մեր համառ որոնումներին վստահելի թարգմանիչ այդպես էլ չգտնվեց:    
   Մինչդեռ.

    Թեև մեր դիտարկումները արված էին  «Ծննդոց-ԱՅԱ» արմատական հետազոտության հիմունքներով և մասնավորապես հայոց հետքերի որոնմամբ,  նույնը կարող է լինի այլ մշակույթների առնչությամբ: Զի, հուշարձանը այդժամյա մի սուպերէթնոսի հեղինակությունն է, այդու էլ համամարդկային քաղաքակրթության և մի շարք էթնոսների համատեղ արարչագործությունը: Մեր այս նոր հետազոտությունը երևակում է մարդկային մտքի և հոգևոր մշակույթի զարգացման սկզբունքները և տրամագիրը, ըստ այդմ՝ գալիք հազարամյակների հնարավոր հեռանկարն ու մարդկության ապագա ճակատագիրը:    Այսքանով էլ՝ ավելի քան այլ մեկ հնավայր, անգերագնահատելի է Գյոբեկլի թեփեի և նրա լուսաբանման նշանակությունը ողջ մարդկության համար: Այս առումով, Axis mundi խորացրված մեր աշխատությունը հնավայրի լուսաբանումներից  առավել գիտահետազոտական սկզբունք է, ընդունակ նորանոր և առավել էական բացահայտումների: Այդ, հաստատում է նաև հրապարակված թե դեռևս անտիպ հետազոտությունների ճշմարտացիությունը: Եվ այդ ոչ միայն հայագիտության և արևելագիտության ասպարեցներում՝ այլև էիզմի: Այն ևս օրեցօր հաստատվում է ամենատարբեր ասպարեզների գիտական նորանոր բացահայտումներով, նույնպես երևակելով գալիքի հեռանկարն ու մարդկության «վերջնական վիճակը», որը խմորվում է նաև հենց այսօր...  

   Ահա, այս նկատառումներով և խուսափելով աղավաղումներից, նպատակահարմար ենք գտնում Axis mundi հետազոտությունն ու նման այլ հիմնարար բացահայտումներ առայժմ չհրապարակել: Առավել ևս, արտաքսվելով հայրենիքից և դատապարտված լռության , հնարավորություն չունենք հետևելու դրա բնականոն զարգացումներին: Իսկ եթե տասնհինգ տարում Գյոբեկլի թեփեն ըստ էության չի լուսաբանվել, պետք է ենթադրել, որ դժվար թե լուսաբանվի առաջիկա տասնամյակներում: Իսկ ընթացիկ մանր թե մասնակի կռահումները գալիս և գալու են ամրագրելու թե՛ մեր այդ և թե՛ «Ծննդոց-ԱՅԱ» տեսությունը: Զի.
  «Եթե կշռաքարդ սխալ է՝ որքան ուզում ես ճիշտ չափիր,    
        իսկ եթե ճիշտ՝ ոչինչ եթե մի փոքր սխալվես..
.»:
 
 
   
     
        Ալեքսանդր Արորդի Վարպետյան                        Մարսել, 07, մարտի 2016 թ.  
21.07.2015թ
ՀԱՆՃԱՐՆԵՐԻ ՀՈԳԵՀԱՑԸ
         
 
                
 

  Ս. Փարաջանովի անդրին
               Թբիլիսում

 

Այս անձի ֆեյսբուքյան էջը իր լուսանկարով
և նախասիրած «գեորգեւյան ժապավենով »...

 
                          ---------------------------------------------------------------------------------- 
«Արդ, միայն թշնամին կարող է մեզ փրկել
....ինքներս մեզանից
»:         
         
           «
Հայերը կերան Փարաջանովի կյանքը» - ֆեյսբուքյան ի միջի այլոց մեր մի ակնարկին,  ԵՊՀ պատմա/քաղաքական ֆակուլտետի շրջանավարտ, Հայաստանի Գերագույն Դատարանի երբեմնի խորհրդատու, ապա Խորհրդարանի խորհրդատու, այնուհետ Paris-Sorbonne կուրսերից հետո Նյու-Յորքում հաստատված իբր միջազգայնագետ Հայկ. Ա. Մարտիրոսյան կոչեցյալ այս «խորհրդավոր» անձը (համարյա Շտիրլից) չգիտես որտեղից հայտնվելով միջամտեց.   
    «Դրա համար նա վերջում եկավ Հայաստա՞ն, Երևանում նրան հատկացրին փառավոր մի թանգարա՞ն, թաղեցին պանթեոնո՞ւմ...»:   

    Տիպիկ ռուսախորհրդամետ և լկտի ճամարտակություն: Բավական էր Կենտկոմը չընդուներ որևէ մեկին, որպեսզի ողջ անասնահոտը թշնամանար, առանց իսկ հասկանալու ինչը ինչոց է ( նույնը և՛ հիմա  հայրենիքից վտարումից հետո մեր նկատմամբ, երբ գետինը պիտի մտնեին կամ գոնե հետաքրքրվեին ինչո՞ւ: Սակայն, շուտով ամենայն կլուսաբանվի...):
   Իսկ իրականում, թերևս քչերն են տեղյակ «Հայֆիլմ»-ում Ս. Փարաջանովի տառապանքներից, «Նռան գույնը» կինոնկարի նկարահանման առնչությամբ: Այդժամ, մենք՝ «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիայի ուսանողներս, հանճարով հափշտակված, խցկվում էինք ամենուր և ներկա էինք նրա դեմ ծավալվող զազրելի ոտձգություններին, անգամ մեծանուն կինոռեժիսյորների կողմից: Այն աստիճան, որ մի օր նկարահանման տաղավարում բոլորիս ներկայությամբ Փարաջանովը պոռթկաց. «Այդ կեղտոտ լեզվով ինձ հետ մի խոսեք» (թարգմանաբար ռուսերենից: Նա այդպես էլ հայերեն երբեք չխոսեց, ինչպես 1952 թվից Հայաստանում հաստատված մեկ ուրիշ հանճար՝ Ավետ Տերտերյանը...):  Դրանից  առավել ահագնեց չարախոսությունների ու թշնամանքի ալիքը: Ֆիլմը նկարահանվում էր աներևակայելի անհանդուրժողականության, նախանձի և ատելության մթնոլորտում:    
   1968 թ. նրան հանդիպեցինք Կիևում: «Ի՞նչ եղավ ֆիլիմի ճակատագիրը» հարցիս, ծոցագրպանից մռայլորեն հանեց ճմրթված մի հեռագիր.- «Քոչինյանն է, կանչում է, չգիտեմ ինչո՞ւ: Չեմ գնա, ֆիլմի հետ ինչ ուզում են թող անեն… » ( http://www.eutyun.org/S/E/GN/Handjar%20ev%20ambox.htm ):

    Իսկ երբ նրան 5 տարով բանտարկեցին, հայերը ծպտուն իսկ չհանեցին: Այնինչ, ըմբոստացավ ամբողջ առաջավոր աշխարհը՝ դրանց մեջ քանի-քանի հեղինակություններ, ինչպես Լ. Արագոնը, հանրահայտ Ֆրեդերիկո Ֆելինին, ամերիկ. գրող Ջոն Ապդեյքն ու այլք: Նույնը բանտարկությունից հետո: Անգործ ու կենսական տարրական միջոցներից զուրկ հանճարին Թբիլիսում պահում էին Սոֆիկո Ճիաուրելին և մի քանի վրացի բարեկամներ: Այնինչ, հայրենիքում նրա անունը չէին տալիս և լսել անգամ չէին ուզում: Վերստին վրացիները ընդառաջեցին, ընձեռելով նկարահանման հնարավորություն: Հիվանդության խորացման հետ, նա վերստին վրացիների պետական հոգատարության տակ էր: Հայաստանից նրան այցելում էին միայն մի քանի նվիրյալներ, նրանց մեջ Ս. Փարաջանովի անձնական լուսանկարիչ Զավեն Սարգսյանը:

  Նա էլ դարձավ նրա տուն-թանգարանի հիմնադիրն ու տնօրենը, Վրաստանից աստիճանաբար բերելով  հանճարի ստեղծագործություններն ու անձնական ինչքը: Մի հանգամանք, որը բորբոքեց վրացիների և անձնապես Սոֆիկո Ճիաուրելիի վրդովմունքը. «Տեր էիք, նեղությանը տիրություն անեիք» առումով:
   1983 թ., երբ այցելել էինք Փարաջանովին իր թբիլիսյան Կոտե Մեսխի N°10 տանը, ներկայացնելու «Արևորդյաց Պարը» կինոսցենարը (
http://www.eutyun.org/S/P/AAV/AV_ManuscriptsAndDocs.htm ), հրաժեշտի ժամանակ համոզում էր չվերադառնալ «այդ ռոքֆոր քաղաքը» ( իմա՝ Երևան): Իսկ կյանքի վերջին տարիներին նա շատերին չէր ճանաչում: Ըստ ոմանց, հիվանդության պատճառով, ըստ մեզ՝ չէր ուզում և չճանաչելու էր տալիս: Խաղն ավարտված էր ու նա  «յոլա» գնալու ու խեղկատակելու այլևս անհրաժեշտություն չուներ...

   Փարաջանովը Հայաստան չեկավ, նրան բերեցին, որտեղից, բուժման վերջին հույսով,  Ֆրանսիայի Մշակույթի նախարար ժակ Լանգի հոգատարությամբ ուղարկած հատուկ օդանավով տարան Փարիզ: Անհուսորեն վերադարձվեց և մահացավ 3 օր անց: Թաղման արարողությունը վերածվեց կատարյալ մի խեղկատակության: Ճառաբանում էին դեմքեր, ովքեր ամբողջ կյանքում հալածել կամ էլ անտեսել էին հանճարին: Սև ակնոցների թաքստոցում մենք հազիվ էինք զսպում մեր փղձկոցը...   
    Իսկ եթե թաղվեց պանթեոնում և հիմնվեց նրա տուն-թանգարանը, ապա այդ ոչ թե որպես երախտագիտություն նրա վաստակի կամ ի պատիվ նրա՝  այլ անպատկառ վերնախավի ու հասարակության: Այդպես, Ս. Փարաջանովի տուն-թանգարանը դարձավ Հայաստանի հոգևոր օջախներից և տեսարժան հուշարձաններից մեկը, հատկապես պատվավոր հյուրերի համար...   
    Այս է դաժան իրողությունը և «հանճարների հոգեհացը», մահից առավել սոսկալի, յուրօրինակ «լեշակերություն», հատուկ առանձնապես հայերին, քանի՜-քանի՜ երախտավորների նկատմամբ: Եվ վստահաբար, այս իրողությունը հայտնի է եղել նրանց, սակայն ուզած-չուզած հաշտվել են իրենց նաև այդպիսի նվաստեցուցիչ ճակատագրի հետ...
* * *
                                      «...Վիժվածքներն առատ սերվում են միայն,
                                  կարված ոչ թե խեղճ Զևսի ազդրերին,
                                  այլ ձեր մաղձածոր մեծ լեղապարկին,
                                  իսկ Քրոնոսի պես կլլել եք սակայն
                                                                  լոկ հանճարներին,
                                   բայց բարվոք մարսել իմ արցունքներով»...
                               («Քերթող են մորթում»-Ա՜խ Վարուժան, Վարուժա՜ն...»:
                                                                       Ա.Վ.«Ոգեկոչ» , Երևան-1991):
 

    Քրիստոնեական 7 կարդինալ մեղքերից (անտարբերություն, ամբարտավանություն, որկրամոլություն, պերճանք, ագահություն, զայրույթ և ցանկասիրություն) անհամեմատ առավել դատապարտելի է երախտամոռությունը, հատկապես հանրույթների և ազգերի պարագայում: Դրանք կարող են անդառնալի կորուստների պատճառ դառնալ առաջինը հենց դրանց
, բայց նաև երախտավորների համար 1...

     Թեկուզ սոսկ վաստակի առումով, մենք ևս սարսափել ենք նման վախճանից: Եվ որպես այդ չարիքի դեմ երդվյալ վրիժառու, ամեն ինչ անելու ենք լեշակերների խրախճանքից փրկվելու, ոգեգաղափարական դեռևս անտիպ գանձերը փրկելու և դրանք գալիք սերունդներին հեռահար ու ապահով փոխանցման համար: Այն էլ  «կգբ»-ական այսքան հալածանքներից, հայրենիքից վտարումից, հայաստանյան ինչքի բռնագրավումից,  հայրենադարձ հարազատների շիրիմների որբացումից, աներևակայելի խարդավանքներից և հասարակության նույնքան ստոր երախտամոռությունից հետո:
     Այս նկատառմամբ, թերևս արժե «թունավորել» ինքներս մեզ, այդու էլ բորենիներին, գալիք «դիահերձումերում»  դրանց ու արդի ախտաբանական իրականությունը բացահայտելու ակնկալիքով:
    Եվ այդ նաև վասն ճշմարտության ու հանուր առաքինությունների: Զի, ճշարտությանը հավատարիմ մնալ նշանակում է ծառայել վերին օրինաչափություններին կամ եթե կուզեք՝ Աստծուն: Անգամ ի հեճուկս  երկրային բարի ավանդույթների թե մարդկային որոշ «սրբությունների»...
    Այդ է մեր վերջին նպատակը, կամքն ու իրավունքը: 
    Այժմ, առաջին հերթին այդ երևանյան մեր պատանդված բնակարանը «վիշապի» երախից խլելն է: Այն նախատեսված էր լինելու մեր տուն-թանգարանը, որտեղ պիտի կենտրոնանային մեր բոլոր արխիվները, ազգամշակության մասունքները, արժեքավոր գրականությունը և հատկապես անտիպ, հայոց լինելիությանն ու ապագային այդքան անհրաժեշտ դեռևս անտիպ ձեռագրերը...
      Մինչդեռ այդ ամենը և բնակարանի ետբերումը  այլևս սկզբունքային պարագա
 [է, որի համար արժե գնալ աներևակայելի ծայրահեղությունների 2 :
     Ի՞նչ փույթ ամբոխի կարծիքը: Ե՞րբ է նա  գիտակից եղել արժեքների և արդարացի՝ արժանավորների նկատամամբ: «Ձայն բազմացը» բնավ էլ «ձայն Աստծոյ» չէ՝  այլ կղերական հորինվածք, վասն  զանգվածների  շահագործման:
   Վկա՝  Քրիստոսի դատապարտման «հանրաքվեն»...


  1 Այս կամ  այն աստվածություններին երբեմնի զոհաբերությունները այնքան «կաշառքներ» չէին՝  որքան երախտագիտություն: Զի, ամենայն բարիք համարվում էր նրանց պարգևն ու ինքնազոհաբերությունը, ինչպես օրինակ Աստծո «միածին Որդին» կամ  հնդարիական ավանդույթներում (հմմտ. «Աշխարհն իբրև զոհաբերության ձի», Ուպանիշադներ): Ուստի, անհրաժեշտ էր վերադարձնել «Աստծոնը՝ Աստծուն», իսկ երբեմն ամենաթանկագին ինչքը, օրինակ հենց ձին:
   Տիեզերակարգի այս խախտումները վնասակար էին նաև երախտավորներին: Զի.
                                  «Աղբյուրը եթե չհոսի՝ կցամաքի:
                                   Ոչխարը եթե չխուզվի՝ նոր բուրդ չի տա:
                                  Միտքը եթե չալիքվի՝  կլճանա...» («Տապանաքար», Ա.Վ.):
  Մինչդեռ, վասն արգասաբերության հնդամերիկացիները պարբերաբար այրում էին արտերը...

      Խոսքս խորը խորհուրդ ունի...
  2 Այս ամենը ցավով ասում ենք մտերիմներին և ընթերցողներին՝ որպես պատասխանատվություն: Իրականում մնում ենք խորապես հավատավոր, եթե ոչ մոտակա՝  ապա երբևէ ցայգաբացի հավատով: Հայ ժողովուրդը հազար լուծ ու հարամի է տեսել, աշխարհասփյուռ հրեաներն էլ հայրենք վերագտան, անգամ սևամորթ ստրուկներն ազատագրվեցին: Այս էլ կանցնի, կգան բարեբեր ժամանակներ, կայսրությունները կտապալվեն: Շատ չի մնացել, շատ չեն մնացել...

   
  Մարսել, 21.07.2015թ.
01.07.2015թ.
  ԱՂԵՂՆԱՎՈՐ....  

   
  «Ժամանակը ոչինչ չի որոշում, այլ՝
                                            հասունացման ուղին և տևողությունը»:
              
      Հայոց ազգային կենդանակերպն այսօր այլաբանորեն կարող է բնորոշվել որպես ԱՂԵՂՆԱՎՈՐ (տարօրինակ է հենց օգոստոս 1-11 Նավասարդ-Վարդավառին... ):  Ըստ ախտարքի՝ նոյեմբեր 23 -ից (երբ ժամանակին ծագել է  Սիրիուս աստղը և նշվել որպես Ամանոր: Ավելի ուշ՝  հայկ. Տրէ ամիսը, Տիր աստծո դիցանվամբ, թերևս իմաստացման-հասունացման առումով )  դեկտեմբեր 21 ( Այծեղջյուր, ձմեռային արևադարձի և Միհր-Քրիստոսի վերածննդյան նախաշեմ...):  Մոլորակը՝ Լուսնթագ (Յուպիտեր), տարերքը՝ ՀՈՒՐ, խորհրդապատկերը՝ օձագլուխ սեփական պոչը նշանառող կենդանամարդ (երբեմն թագակիր): Իմաստը՝  հոգևոր վերաճ, արարածը մարտնչում է կենդանական իր իսկ էության դեմ, վասն լիարժեք էակ կարգավիճակի, նախքան նիցշեյան գալիք գերՄարդը... (Նկ. 1a,b,c,d,e: Տե՛ս «Ծննդոց-ԱՅԱ», էջ 725-726):
 
   

Նկ.1: a).Սկզբնանկար-«Աղեղնաւորն եւ իւր աստղն Լուսնթագն» ( Յուպիտեր: Մաշտոց. մատ. ձեռ. 3884, թերթ 121ա.բ): b). Աղեղնավոր կենդանակերպը հայկ. ժայռապատկերներում (Գեղամա լեռներ, մ.թ.ա. II-րդ հզ  ):
c). Շում.-աքքադ. Էա-Հայա իմաստության ծովաստվածը ( սնարին՝ արեգակի թեևավոր սկավառակը ) նետահարում է նախաստեղծ Թիամատ վիշապամորը (Լուսին, Ցայգաստղ և Կենաց ծառ  խորհրդանիշերով:
Միջագետքային կնքադրոշմ: Մ.թ.ա. II-րդ հզ ):  
d). Աղեղնավոր կենդանակերպը Ֆիրդուսու «Շահնամե» երկի նկարազարդումներից
(«Իսկանադր-Ալեքսանդրի ծնունդը»  գրքից):
e). Աղեղնավոր կենդանակերպը Շարտրի Աստվածամոր տաճարի շքամուտքին (Ֆրանսիա,12-րդ դ.):
------------------------------------------------------------------------------------

    Այսքանը որպես այլաբանություն համամարդկային կենսափորձից և իմաստությունից 1:  Արդի իրավիճակում այդ ստանում է այլ մեկ իմաստաբանություն:    
     «Կոնվեկցիոն շրջանառությամբ» ( կամ դիալեկտիկական պարույրով ) դեպի ավարտական ևս մեկ կենսափուլ հակված հայ հանրությունը, ինչպես անցյալում, կարծես վերստին ձգտում է ինքնագիտակցության, ոգեղինության և ազատագրման, կամա-ակամա մարտնչելով սեփական արատների, իսկ ավելի ստույգ՝ իր փրկությունն ու կայացումը խափանող, սքող-բացահայտ տարրերի դեմ: Այն աստիճան, որ դրանք ամենա-ամենա «հայրենասերներն» են, ամենա-ամենա «հայերը», ամենա-ամենա «դեմոկրատները», հաճախ անենա-ամենա «մտերիմներն» ու «նվիրյալները»... Եվ ինչպես միշտ, չկա քիչ թե շատ նշանակալից անձ, միջադեպ թե երևույթ, որտեղ Կաշչեյ Անմահը չխցկի իր գործակալներին, սադրիչներին թե շերեփուկներին, ջանալով ամենայն վերցնել իր տնօրինության տակ և «բետոնյա ջրանցքներով» ուղղորդել դեպի  սեփական «բոստանները» (տառապանքս անչափ մեծ և ուսանելի փորձ ունի 2... ):   
     Նույնը և այս անգամ, հենց ընթացիկ ազատատենչական ընդվզումներում:    
      Յուրային արատների հետ այդ արդեն դարձել է Կանաչ վիշապի անտեսանելի պոչը (ավա՜ղ նաև լրիվ չգիտակցվող ), կենաց-մահու գերխնդրականը, որից հարկ է որևէ կերպ ազատագրվել:   
       Մողեսն այդ անում է պոչը թողնելով: Այն հետո վերաճում է, թեկուզ ավելի կարճ: Այդպես.       
      ԴԻՆՈԶԱՎՐԵՐՆ ԱՆՀԵՏԱՑԱՆ, ԻՍԿ ՑԵՂԱԿԻՑ ՄՈՂԵՍՆԵՐՆ ՀԱՐԱՏԵՎԵՑԻՆ...       

      Արդյոք այդ չէր գաճաճ իմաստունների խորհուրդը «ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» տիեզերավեպո՞ւմ...       Հակառակ դեպքում առավել կնվազի ինքը՝  էթոսը, մինչև իսպառ անէացում: Արդյոք այդ չէր գաճաճ իմաստունների խորհուրդը «ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» տիեզերավեպո՞ւմ...  Հակառակ դեպքում առավել կնվազի ինքը՝  էթոսը, մինչև իսպառ անէացում:
     Մինչդեռ, փոխաբերաբար, ԱՂԵՂՆԱՎՈՐԻՆ հաջորդում է ԱՅԾԵՂՋՅՈՒՐ կենդանակերպը ( կես այծ, կես ձուկ, Սուզի ախտարքում՝ Էա-Հայայի խորհրդանիշը, «Ծննդոց-ԱՅԱ», էջ 732), դրան՝ ՋՐՀՈՍԸ ( ի դեպ հենց Ջրհոս դարաշրջանում ենք... ) և ի վերջո ՁՈՒԿ կենդանակերպը: Այսինքն, մեկ լրիվ.     
      ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ...
     
      Այսինքն՝  առ Է-ԷՈՒԹՅՈՒՆ և էութենական իրականություն, որին հակվում է ողջ մարդկությունը, տիեզերաբանորեն՝ առ գերԷՈՒԹՅՈՒՆ: Եվ այդ է հենց «տիեզերական ելքը», կայացման, էացման ու հավերժացման միակ ուղին, որին ձգտում է ամեն մի գոյաձև, էվոլյուցիոն հոսանքում՝ ամեն մի սերունդ:
     Ձեզ բարի ճանապարհ, «ջահել, ծանոթ-անծանոթ սերունդ»...
  1Ախտարքի ժամանակակից ընկալումները տափակության աստիճան ծանծաղել են, մինչդեռ      մեր դիտարկումները իբր «էրուտիդ» ոմանց համար դարձել «ազգային ալքիմիկոսություն»:    Դե եթե արդեն հոգեբույժներն ու անասնաբույժներն  են զբաղվում ազգային-հասարակական      խնդիրներով, ուրեմն  բանը հասել է այդտեղ...
   2Այդ մասին հանգամանալից, մասամբ  «Խաղաթղթերը բացելու ժամանակը» ակնարկով,      ավելին՝  «Քանի դեռ կենդանի է Կաշչեյ Անմահը...»  ծավալուն լուսաբանմամբ:
 

Մարսել, 01.07.2015 թ.