|
10/12.2007թ.
1999թ. հոկտեմբերի 27-ին գրվեց մեր պատմության ամենասև էջերից մեկը, որն իր
բնույթով ու հետևանքներով համեմատելի է 1915թ.-ի իրադարձությունների հետ:
Ամենացավալի առանձնահատկություններից մեկն այն է, որ առնվազն իրականացումը
կատարվեց հայազգի “մարդկանց” կողմից: Մեր ազգի համար ամոթալի խարան էր ոչ
միայն բուն 27-ի դեպքերը, այլև այն, որ այդպես էլ այդ ոճիրը չբացահայտվեց:
Մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ հասկանալու համար, որ կազմակերպիչ և
հովանավոր ուժերի չբացահայտումն էլ ավելի մեծացրեց ու խորացրեց առանց այդ
էլ բարդույթավորված մեր ազգի հոգեբանական բարդույթները: Փորձելով կողքից
սթափ դիտարկել կատարվածը, հիմնական տպավորությունն այն է, որ բացի զուտ
մարդկային ողբերգություններից, ավելի մեծ մի ողբերգություն տեղի ունեցավ.
մեր երկրի ղեկավարությունը, որը փորձում էր ինքնուրույն և ազգանպաստ
քաղաքականություն վարել (այստեղ այդ քաղաքականության օգտակարությունն ու
խորությունը չենք քննարկում)` մեկ րոպեի ընթացքում պարզապես ոչնչացվեց:
Այնպես որ վստահ ենք, որ ազգային գլխատում որակելով կատարվածը` ամենևին
չենք չափազանցնում: Կարծում ենք, որ պետք է մեծացնել հանրային ճնշումը,
որպեսզի վերջապես բացահայտելով բուն ոճիրը, տրվեն համապատասխան
գնահատականներ և կատարվեն ճիշտ հետևություններ: |
|